Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ի վերջո, ի՞նչ կատարվեց մեզ հետ». Տիգրան Խզմալյան

«Ի վերջո, ի՞նչ կատարվեց մեզ հետ». Տիգրան Խզմալյան
304
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 01:25

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի ՎԵՐՋՈ, Ի՞ՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ՄԵԶ ՀԵՏ
Հայաստանի նորագույն պատմության ամենասարսափելի օրվանից երկու շաբաթ անց էլ հանրային ու քաղաքական դաշտում այդպես էլ չի հնչել գլխավոր երկու հարցերի պատասխանը՝ ի՞նչ կատարվեց մեզ հետ եւ ի՞նչ պետք է անել։
Կատարվածի բնորոշումը պարզ է եւ դաժան՝ Հայաստանը ենթարկվեց ազերի-թրքա-ռուսական զավթմանը, օկուպացիայի, որը ուղղորդվում է շարունակվող պետական հեղաշրջմամբ։ Ո՛չ զավթում, ո՛չ հեղաշրջում խոսքերը չափազանցություն չեն։ Ստույգ իրավաբանական տեսակետից հեղաշրջումը հենց այն է, ինչ այժմ իրականացնում է ՀՀ վարչապետի պաշտոնն առ այսօր զբաղեցնող Փաշինյանը ռուսական ուղիղ թելադրանքով, քանի որ նոյեմբերի 9, լույս 10 գիշերը նա ստորագրեց կարեւորագույն ու ճակատագրական միջազգային փաստաթուղթ, ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը եւ միջազգային օրենքները՝ առանց ազգի համաձայնության, առանց ԱԺ վավերացման, առանց ՀՀ նախագահի եւ ԱԳՆ հետ քննարկման։ Այսինքն, տեղի է ունեցել վարչապետի սահմանադրական լիազորությունների չարաշահում (ՀՀ Սահմանադրության 116 հոդված), որը ենթադրում է վարչապետի հեռացում, ըստ ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածի։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքի ազերի-թուրք-ռուսական զավթմանը, այդ փաստը ապացուցելու կարիք, հավանաբար, չկա․ թեեւ մեր ազգակիցների որոշ մասը դեռեւս շարունակում է նկարագրել դա որպես «մեծ ռուս ժողովրդի եղբայրական օգնություն»։ Հոգեբուժական օգնությունն իմ պարտականությունների մեջ չի մտնում, սակայն կատարվածի քաղաքագիտական վերլուծությունը պարտքս եմ համարում որպես հայ մտավորական, արվեստագետ, քաղաքական գործիչ եւ Հայոց բանակի կամավոր շարքային զինվոր, ով հոկտեմբերի 14-ից մասնակցել է պատերազմական գործողությունների։ Ստորեւ շարադրվածն իմ անձնական կարծիքն է, որը հիմնված է սեփական վերլուծության, միջազգային մամուլի, դիվանագիտական եւ քաղաքագիտական ատյանների հետ քննարկումների եւ քաղաքական գործունեության փորձիս վրա։
2020 թ․ Արցախյան պատերազմն արդյունք դարձավ Ռուսաստանի կայսերական ու ռեւանշիստկան գաղափարախոսության, որը դեռեւս 2007 թ․ բարձրաձայնեց ՌԴ նախագահ Պուծինը իր հայտնի «մյունխենյան» ճառում եւ որը կարելի է կարճ բնորոշել որպես ԽՍՀՄ-2 վերականգնելու նախագիծ։ Հենց այդ ծրագրի շրջանակներում արդեն հաջորդ, 2008 թ․ ամռանը տեղի ունեցավ Ռուսաստանի հարձակումը Վրաստանի վրա եւ դրա աբխազական եւ հարավ-օսեթական նահանգների զավթումը։ Նույն տրամաբանությամբ էր բացատրվում 2013 թ․ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Ս․Սարգսյանի շտապ կանչը Մոսկվա եւ այնտեղ նրան թելադրված Պուծինի ստորացուցիչ վերջնագիրը՝ ընդհատել Հայաստանի եվրոինտեգրացման գործընթացը եւ փոխարենը անհապաղ միանալ ռուսաստանյան ռազմաքաղաքական դաշինքներին։ Ընդգծենք, որ նման վերջնագիրը մերժած Ուկրաինան հաշված շաբաթներ անց, արդեն 2014 թ․ փետրվարին, ենթարկվեց ռուսական հարձակմանը եւ սկզբից Ղրիմի, ապա նաեւ Դոնբասի զգալի մասի զավթմանը։ Սակայն հայկական «հնազանդությունը» բավարար չեր Կրմլին եւ 2016 թ․ ապրիլին Ռուսաստանը կազմակերպեց Ադրբեջանի գրոհը Արցախյան ճակատում, որի նպատակն էր փոխանցել Բաքվի վերահսկողության տակ մի քանի շրջան, ապա տեղակայել Արցախում ռուս «խաղաղապահների» եւ դրանով իսկ վերածել հայկական այդ տարածքը ռուսական ռազմաբազայի, վերահսկելու համար ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Իրանի հյուսիսը, դրանց բոլոր էներգետիկ եւ տարանցիկ հաղորդակցություններով։ 2016 թ․ քառօրյա պատերազմը չհասավ այդ նպատակի, քանի որ հանդիպեց հայոց բանակի համառ դիմադրությանը ու նաեւ Երեւանի քաղաքական անհնազանդությանը։ Արդեն 2016 թ․ ապրիլի 5-ին Ս․Սարգսյանը մեկնեց Բեռլին, որտեղ ԵԽԽՎ նիստում հայտարարեց, որ «Հայաստանն այլեւս չունի քաղաքական հովանավոր»։ Մեր երկրում գրեթե աննկատ անցած այդ դրվագը մեծ ուշադրության արժանացավ Կրեմլում։ Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը կանխորոշված էր եւ Մոսկվան սկսեց առավել հնազանդ ու կառավարվող մեկով նրան փոխարինելու գործընթացը։ Այս «մրցույթում» մասնակցեցին ամենազավեշտալի կերպարները՝ Հովիկ Աբրահամյանից մինչեւ Արա Աբրահամյան եւ Գագիկ Ծառուկյանից մինչեւ Կարեն Կարապետյան։ Սերժ Սարգսյանի քաղաքական ճարպիկությունը թույլ տվեց նրան երկու տարի խուսանավել եւ որակազրկել մեկը մյուսին հերթ չտվող մոսկովյան «թեկնածուներին», մինչեւ որ նրա ընտրությունը կանգնեց, հավանաբար Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայնեցված, անփորձ բայց պերճախոս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի վրա։ «Թավշյա հեղափոխություն» թատերականացված բեմադրության արդյունքում Փաշինյանը հայտնվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, որտեղ անմիջապես սկսեց ապացուցել Մոսկվային սեփական հավատարմությունը, անելով ամեն հնարավոր ու անհնարին բան Պուծինի բարեհաճությունը ստանձնելու համար։ Սկսված աղմկոտ հակակոռուպցիոն քրեական գործերից գրեթե ոչ մեկը ավարտին չհասավ, մեղադրյալները բաց էին թողնվում բանտից եւ երկրից դուրս, իսկ հայկական երկաթուղու խայտառակ թալանի կոծկումը Պուծինի պահանջով եւ հայկական զորախմբի գործուղումը Սիրիա՝ ռուս-թուրքական դաշինքի կազմում, վերջնականապես պայթեցրեց փաշինյանական «բարեփոխումների» կեղծիքը։ Սակայն պուծինյան «ԽՍՀՄ-2» նախագիծը չեր կարող բավարարվել միայն նման խորհրդանշական արդյունքներով։ Արցախի «աբխազացումը» եւ ռուսական հսկայական ռազմաբազայի վերածումը մնում էր Կրեմլի օրակարգում, քանի որ թույլ էր տալու ավելի արդյունավետ եւ առանց ավելորդ ծախսերի իրականացնել միջազգային նավթի ու գազի գների վրա ազդելու ռուսական գերխնդիրը, որի համար Ռուսաստանը մտել էր սիրիական եւ լիբիական թանկարժեք ու վտանգավոր արկածախնդրությունների մեջ։ Հավելյալ բարենպաստ գործոններն էին Ադրբեջանի պատրաստակամությունը՝ կրկնել 2016-ի փորձը եւ Հայաստանի ու հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության զգալի մասի կույր ռւուսամետությունը։ Լրացուցիչ փաստարկ էր նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի նոր կայսերապաշտական քաղաքականությունը, որը Մոսկվայում դիտում էին որպես վտանգ սեփական շահերին Հյուսիսային Կովկասում , Թաթարստանում, Բաշքիրիայում եւ Ղրիմում, սակայն հույս ունեին սակարկել հայկական շահերի ու տարածքների հաշվին, ինչպես դա կատարվեց 100 տարի առաջ, 1920 թվականին։ Մեծ դեր այս դավադրությունն իրականացնելու որոշման մեջ խաղաց ԱՄՆ նախագահի ընտրությունների հանգամանքը, որն, ըստ ռուս-ադրբեջանա-թուրքական հաշվարկների, շեղելու էր աշխարհի ուշադրությունը եւ կանխելու էր Արեւմուտքի լուրջ միջամտությունը գոնե որոշ ժամանակ։ Այսպես ընտրվեց հարձակման ժամկետը՝ սեպտեմբերի վերջ։ Պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ, օգոստոսի 25-26-ին Բաքու այցելեց ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Ռուսական մամուլում եւ հեռուստատեսությամբ զուգահեռաբար սկսվել էր «շեղող ծխավարագույր» օպերացիան, որի թիրախն էր ընտրված ՀՀ վարչապետ Փաշինյանը, ով, ըստ Կրեմլի պաշտոնական վարկածի «սորոսական գործակալ» էր եւ Ռուսաստանի թշնամի։ Շփոթված ու վախվորած Փաշինյանը փորձում էր արդարանալ, ապացուցելով, որ նա բոլորից հավատարիմ է Կրեմլին, սակայն ապարդյուն։ Բավական հետաքրքիր է, որ այդ քարոզչական սցենարը, որը նախապես սկսել էին իրականացնել ընկեր Մարգո Սիմոնյանը, Միհրանյանը, Գաբրելյանովը եւ այլ ռուսահայ պուծինիստները, համարյա բառացիորեն կրկնեց պատերազմի սկզբին Իլհամ Ալիեւը, «արդարացնելով» հարձակումը նաեւ Փաշինյանի երեւակայական արեւմտամետությամբ։ Հանելուկը վերջնականապես բացահայտվեց նույն օրերին, երբ մոսկովյան քաղաքագետ Սոլովեյը, ով հայտնի է կրեմլյան «արտահոսքերը» բարձրաձայնելու ունակությամբ, հայտնեց, որ մոտավորապես սեպտեմբերի 29-ին կամ 30-ին Պուծինին զանգահարել էր Էրդողանը եւ «խոսակցությունը շատ ծանր ստացվեց Կրեմլի համար»։ Այդ պահից Մոսկվայում հասկացան, որ կորցրել են վերահսկողությունը զարգացումների հանդեպ եւ նախատեսված 5-6 օրվա «պայմանավորված պատերազմը», որից հետո, կրկնելով 2016 թ․ նախագիծը տարածաշրջան պետք է մտնեին ռուս «խաղաղապահները», կտրուկ փոխեց ընթացքը։ Ադրբեջանի ռազմական գործողությունների հրամանատարությունը ստանձնեցին թուրք գեներալները, որոնք մարտի մեջ նետեցին արդիական հարվածային ԱԹՍ-ները, կիրառեցին սեփական արբանյակային հետախուզությունը, որի շնորհիվ գերճշգրիտ հարվածներ էին հասցվում հայկական հակաօդային եւ հրետանային ուժերին։ Մոսկվայում շարունակում էին գործել հին ծրագրով՝ զրկելով հայկական բանակին ՌԴ ԶՈՒ-ին փոխանցված ՀՕՊ-ի պաշտպանությունից եւ դադարեցնելով կամ դանդաղեցնելով խիստ անհրաժեշտ զինամթերքի մատակարարումը։ Պուծինը եւ նրա ռազմական խորհրդականները փաստացի ապահովում էին արդեն ոչ միայն ադրբեջանական բանակի, այլ նաեւ թուրքական զինվորականների եւ ջիհադական վարձկանների առաջխաղաղացումը։ Միաժամանակ, ինչպես պարզվում է հիմա, նման զարգացումները բացարձակապես անակնկալ էին Արեւմուտքի համար, որտեղ վստահ էին, որ Ռուսաստանն ի վերջո կատարելու է իր «դաշնակցային պարտականությունները» ՀՀ հանդեպ։ Առաջինն ուշքի եկան եւ ճիշտ գնահատեցին իրավիճակը Ֆրանսիայում։ Հոկտեմբերի 8-ին դիվանագիտական խողովակներով Երեւանի եւ Բաքվի ԱԳՆ հասցվել էր հրավեր այցելել Ժնեւ՝ հրադադար ստորագրելու համար։ Հայ հասարակությունը երեւի չի մոռացել, որ Նիկոլ Փաշինյանը մերժեց այդ առաջարկը, իսկ փոխարենը հաջորդ իսկ օրը ՀՀ ԱԳՆ ուղղորդվեց Մոսկվա, որտեղ ստորագրվեց հոկտեմբերի 9-ի առաջին հրադադարը, որն ուժի մեջ մտավ կեսօրին եւ տեւեց մոտ 5 րոպե։ Ասածս հեշտ է ստուգել այդ օրերի մամուլով։
Քանի դեռ Մոսկվան շարունակում էր կրկնել մեղադրանքներ Փաշինյանի «արեւմտամետության» վերաբերյալ, ազերի եւ թուրք զորախմբերը չլուծեցին blitz-krieg-ի, «կայծակնային պատերազմի» խնդիրները եւ հանդիպեցին հայկական զորքի ու կամավորների համառ դիմադրությանը։ Պատերազմն ընդունեց ամենածանր՝ դիրքային բնույթ, ընդհատելով ազերի-թուրքական առաջխաղացումը։ Այստեղ գործի մեջ մտան ռուսական հատուկ ծառայությունները, որոնք սկսեցին մշակել վաղուց արդեն փորած ակոսը՝ ղարաբաղյան կլանի կույր ու մոլեռանդ ռուսամոլությունը։ Զուգահեռաբար օգտագործվում էր ռուսական հսկայական ազդեցությունը ՀՀ հատուկ ծառայություններում։ Որոշ խայտառակ տվյալներն այդ խառնաշփոթում հայտնում էր անգամ ղարաբաղյան մարզպետ Արայիկ Հարությունյանը։ Երեւի չեք մոռացել նրա բացահայտումը ՀՀ ԱԱԾ-ի «էլիտար» զորախմբի դասալքության մասին, որը տեղի ունեցավ ռազմաճակատի հյուսիսային մասում հոկտեմբերի 3-ին։ Ճակատագրի հեգնանքով, հենց այն կամավորական ջոկատը, որի մեջ ես պատիվ ունեցա ծառայելու գնդապետ Վ․Ավետիսյանի հրամանատարության ներքո, տեղակայված էր Մարտակերտի շրջանի հենց այն դիրքերում, որտեղ պետք է լինեին ԱԱԾ-ի այդ հատուկ զոքերը։ Մեկ այլ օրինակ, որի մասին ավելի ուշ նույնպես խոսում էր Ա․Հարությունյանը, վերաբերվում էր ՆԳՆ շուրջ 1000 զինծառայողների, որոնք նույնքան դավաճանաբար լքել էին դիրքերն արդեն Շուշիում, նոյեմբերի սկզբին։ Այսինքն, դավադրական դասալքության դեպքերը, որոնք քաղաքական ղեկավարությունը փորձում է գցել բանակի վրա, վերաբերվում էին նախեւառաջ հատուկ ծառայություններին եւ հրամանատարության այն մասին, որը տարիներ շարունակ գտնվում էր ռուսական վեահսկողության եւ ազդեցության տակ։
Հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում Արեւմուտքն արեց եւս մի փորձ փրկելու Հայաստանին։ Սկզբից ԱՄՆ նախագահ Թրամփը բարձրաձայնեց Կոսովոյի օրինակով Արցախի ճանաչման գաղափարը, ապա նրա խորհրդականն ազգային անվտանգության հարցերով Օ՛Բրայանը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առաջարկում է արցախյան ռազմաճակատի գծով տեղակայել սկանդինավյան խաղաղապահներին։ Մինչեւ աղետ մնում էր դեռ տասը օր։ Սակայն սկզբից Նիկոլ Փաշինյանը, ապա եւ Արայիկ Հարությունյանն ի պատասխան այս առաջարկին ասեցեն, որ «նախընտրում են ռուս խաղաղապահների»։ Այդ պահին Ռուսաստանի ԱԳՆ արդեն հրապարակել էր Պուծինի ու Լավրովի «պլանը», ըստ որի Ադրբեջանին պետք է անցնեին Արցախի 7 շրջաններ, իսկ սահմանագծին կանգնելու էին ռուսական զորքերը։ Փաստորեն, ՀՀ եւ ԼՂՀ քաղաքական ղեկավարությունը հոկտեմբերի 31-ին երկրորդ անգամ մերժեց Արեւմուտքի միջամտությունը եւ դրանով տապալեց Հայաստանին փրկելու փորձը։
Մեր ազգային աղետը դեռ նոր է սկսվում՝ Արցախի ազերի-թուրք-ռուսական զավթմանը կարող է հետեւել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքական քայքայումը։ Ես գրում եմ այս տողերը նոյյեմբերի 25-ի գիշերը, Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման քննարկումից մի քանի ժամ առաջ։ Սակայն ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն արդեն հասցրել է նախապես արտահայտել Ստեփանակերտի պաշտոնական դժգոհությունն ու վերապահումը Ֆրանսիայի՝ նման քայլի վերաբերյալ։ Այսինքն, ռուսական գործակալական ցանցը Ղարաբաղում անգամ այս ողբերգական եւ ճակատագրական պահին շարունակում է հավատարմորեն ծառայել զավթիչներին, մերժելով Արեւմուտքի մեկնած ձեռքը։ Եւ եթե նման ստորությունը հնչում է հրապարակավ, կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է ասվում եւ գրվում Երեւանից ու Ստեփանակերտից Փարիզ փակ ու գաղտնի կերպով։ Մենք մասնակիցներ ենք ազգային մեծագույն ողբերգության, որի տարբերվում է հին հունական ողբերգություններից նրանով, որ դրա զոհն է դառնում ոչ թե հերոսը, այլ ողջ ժողովուրդը եւ պետությունը։ Սա պետական դավաճանություն է, երբ ոչ թե առանձին սրիկաներն են դավաճանում պետության շահերը, այլ ողջ իշխանությունն է դավաճանում ժողովրդին։ Մենք վարակված ենք ստրկամտության ծանրագույն հիվանդությամբ եւ անգամ մեր հերոսների թափված արյունը չի պարզաջրել մի ստվար զանգվածի հավկուրությունը։ Միայն առերեսվելով այս դաժան ճշմարտությանը հայ ժողովորդն ի վիճակի կլինի վեր կանգելու այս ահավոր պարտությունից հետո եւ ամբոխից դառնալ ի վերջո ազգ, որն արժանի կլինի իր վեհ անցյալին եւ ապագա անկախ պետականությանը։
Երեւան,
2020 թ․ նոյեմբերի 25»: