Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Մենք Աֆղանստանի վերածելու հայրենիք չունենք». հրապարակախոս

«Մենք Աֆղանստանի վերածելու հայրենիք չունենք». հրապարակախոս
307
Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 06:05

New Armenia.am-ում հրապարակախոս Կարպիս Փաշոյանի հոդվածը.

Արդի հայ քաղաքական մտքի մտահոգության թիրախները հիմնականում սահմանափակվում են կա՛մ առօրեական ու կենցաղային խնդիրներներով, կա՛մ էլ գավառական հայրենասիրության ու համայնքային շովինիզմի հետ ասոցացվող պարզունակ հարցերով։ Այս համատեքստում սանձազերծած թեժ քննարկումները փաստացի քայքայում ու վատնում են ինտելեկտուալ ողջ պոտենցիալը: Դաշտը ողողված է հերոսներով, դավաճաններով, փրկիչներով, առաքյալներով ու տարատեսակ այլ սուպեր կենդանիներով։

Տպավորությունն այնպիսին է, թե կոմիքսներում ենք ապրում։ Իհարկե, ես չեմ պնդում, թե կենցաղային հարցեր չպետք է քննարկվեն, իհարկե, դրանք մեր իրականությունն են ու բոլորիս համար էլ կարևոր են։ Բայց չի կարելի հանրային ողջ դիսկուրսը սահմանափակել պարզունակ կենցաղի շրջանակներում՝ մի կողմ շպրտելով ամենակարևոր հարցադրումը. ինչպիսի՞ պետություն ենք մենք կառուցում, և ո՞րն է մեր հավաքական գոյության նպատակը: Ժամանակակից աշխարհում պետություններն իրարից անջատ ու առանձին չեն կարող ապրել: Այսինքն, գործ ունենք համընդհանուր, համամոլորակային համակարգի հետ, որի յուրաքանչյուր միավոր ունի իր կոնկրետ դերն ու նշանակությունը: Հայաստանը այս տեսանկյունից նույնպես բացառություն չէ և պետք է ունենա իր կոնկրետ գործառույթը ընդհանուր մեխանիզմում:

Լա՛վ, իսկ ո՞րն է այդ գործառույթը կամ էլ գոյության իմաստը, ի՞նչ արժեք կարող է Հայաստանը տալ աշխարհին: Իհարկե, հարցերն այս դեռևս անիմաստ են, քանի որ մենք դեռևս չենք կարողացել հասկանալ, թե ի՞նչ արժեքներ ենք արտադրում հենց ինքներս մեզ համար: Չէ՞ որ ներքին արտադրության արժեքներն են դառնալու միջազգային հարաբերություններում մեր նոր պահանջարկի երաշխիքները: Կլոդ Սեն Սիմոնը ասում է. «Ազգերը կարող են ապրել երկու կերպ. կա՛մ թալանելով կա՛մ էլ արտադրելով»:

Տասնամյակներ շարունակ մենք ապրել ենք թալանելով: Գիտեք, թալանը միայն կոռուպցիան չէ, պոտենցիալի անիմաստ մսխումն էլ իր հերթին յուրօրինակ թալանի մի ձև է: Բայց հիմա եկել ու հասել ենք մի հանգրվանի, երբ արդեն իսկ թալանելու ոչինչ չկա՝ ո՛չ նյութական և ո՛չ էլ հոգևոր: Թալանելու այլընտրանքը արտադրելն է: Եթե ո՛չ թալանում ես և ո՛չ էլ արտադրում, ապա նշանակում է, որ գոյություն չունես: Այս զավեշտալի բառախաղի մեջ քողարկված իմաստ կա՝ որն է գործողության, շարժի բնական անհրաժեշտությունը և քարացած ու անշարժ կյանքի բացառումը: Այսինքն, մեր գոյության իմաստավորումը պետք է լինի գործողությունն ու ընթացքը, որի մարմնավորումը արժեքների արտադրությունն է: Հայաստանը պետք է դառնա արժեքներ արտադրող պետություն, որպեսզի կարողանա իմաստավորել իր գոյությունը այս նեղ ու անարդար աշխարհում:

Հակառակ պարագայում մութ ու անտեսանելի է ճանապարհը մեր: Շարունակելու ենք կա՛մ թալանել, կա՛մ էլ ավելի քարանալ ու անշարժանանալ՝ աշխարհի համար էլ մնալով որպես Ցեղասպանության ճանաչում աղերսող և Արցախի փրկություն մուրող էթնիկական պարզունակ հանրույթ, ցեղ, որը բութ գործիքի կարգավիճակով տարբեր առիթներով օգտագործվում է այս կամ այն տերության կողմից։ Հարցերն այս կարևոր են նաև Հայաստանում մարդկանց ապրել-չապրելու տեսանկյունից: Դրանց մեջ է թաքնված մարդկային կյանքի մոտիվացիան ու ապրելու, արարելու բնական մղումը: Հանուն ինչի՞ մարդը պետք է ապրի այստեղ: Աֆղանստանում ոչ ոք չի ուզում ապրել, դե եկեք մենք էլ Աֆղանստանի վերածելու հայրենիք չունենանք»: