Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սա ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք»․ Տարոն Սիմոնյան

«Սա ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք»․ Տարոն Սիմոնյան
207
Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 10:45

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի «միջանցք» բացել Սյունիքում, միևնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ ադրբեջանցիները վերադառնալու են «պատմական տարածք՝ Զանգեզուր, Երևան» և այլն։
Սա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ ուժի կիրառման սպառնալիք, որն արգելված է ՄԱԿ կանոնադրության 2-րդ հոդվածով (jus cogens սկզբունք)։
Եթե սրան ավելացնում ենք մարտի 15-16-ից (Մոսկվայի (Կարսի) չարաբաստիկ պայմանագրի կնքման օրեր) նախատեսվող ադրբեջանական զորավարժությունները, որոնք կրկին միջազգային իրավունքի տեսանկյունից ուժի ցուցադրման ակտ են և հետևաբար՝ ուժի կիրառման սպառնալիք, ապա պատկերն ավելի է հստականում։
Իսկ եթե մի քիչ ավելի ուշադիր ենք լինում տարածաշրջանում և մեր ռազմավարական գործընկերոջ շուրջ կատարվող իրադարձություններին, ապա կանխատեսումներն առաջիկայում լավ բան չեն հուշում՝ հաշվի առնելով մի քանի ամիս առաջ թուրք-ադրբեջանական տանդեմի կատարած միջազգային հանցագործությունները՝ ագրեսիա, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, վարձկաններ և այլն։
Ի դեպ, նման դեպքերում պետության անվտանգության նկատմամբ ուշադիր պետական իշխանությունները դիմում են ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ։
Եթե անգամ կասկածներ ունեն, որ ինչ-որ մի պետություն վետո կարող է դնել հնարավոր բանաձևի ընդունման ժամանակ, ամեն դեպքում դիմում են՝ խնդիրը հնչեցնելու և հետագայում նույն ՄԱԿ֊ի կանոնադրության 51֊րդ հոդվածի ուժով ինքնապաշտպանության լեգիտիմացման համար»։