«Անհեթեթ փաստարկներ, որ լսում ենք իշխանությունից՝ ԸՕ-ն չընդունելու վերաբերյալ». Դանիել Իոաննիսյան
245
Կիրակի, 21 մարտի, 2021 թ., 03:03
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհեթեթ փաստարկներ, որ լսում ենք իշխանությունից՝ Ընտրական օրեսգիրքը չընդունելու վերաբերյալ։ 1. Եթե իշխանությունը առանց կոնսենսուսի ընտրություններից 2-3 ամիս առաջ օրենսգիրք փոխի, դա կասկածի տակ կդնի ընտրությունների լեգիտիմությունը։ Իրականում, ոչինչ այդքան կասկածի տակ չի դնի ընտրությունների լեգիտիմությունը, որքան թաղային հեղինակությունների, փողի, մեդիա ու վարչական ռեսուրսների մրցակցությունը խթանող Սերժ Սարգսյանի համար գրված Ընտրական օրենսգրքով իրականացումը։ Ավելին, IRI-ի հարցումներով հանրության 3/4-րդը, ինչպես նաև համարյա բոլոր արտախորհրդարանական ուժերը ուզում են օրենսգրքի փոփոխություն և դա չի կարող ընկալվել որպես իշխանության քմահաճույք։ 2. Վենետիկի հանձնաժողովի՝ ընտրություններից առաջ օրենսգիրք չփոխելու ռեկոմենդացիային չարժե դեմ գնալ, միջազգային լեգիտիմության հարց կառաջանա։ Վենետիկի հանձնաժողովը միշտ ասել է, որ մեզ պետք է սովորական համամասնական ընտրակարգ։ Վենետիկի հանձնաժողովի՝ ընտրությունների խաղի կանոնների կանխատեսելիության ռեկոմենդացիան, մեր դեպքում, ենթադրում է, որ պետք է օրենսգրքի փոփոխություններն ընդունել, քանի որ դա է կանխատեսելի սցենարը։ Բոլոր դերակատարները արդեն 2,5-3 տարի առաջ տրամադրվել են, որ այս փոփոխությունները լինելու են ու սովորական համամասնական ընտրակարգ է լինելու։ Ավելին, չկա միջազգային մի օրինակ, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դրվի այն պատճառով, որ դրանցից 2-3 ամիս առաջ օրենսգիրք է փոփոխվել... Առավել ևս, եթե դրանք եղել են միջազգային ռեկոմենդացիաների վրա հիմնված ու կանխատեսելի փոփոխություններ։ Ընդ որում, նույն Վենետիկի հանձնաժողովը 2018 թվականին ողջունել է Հայաստանում ընտրություններից 40-45 օր առաջ ընտրական օրենսգիրք փոխելը՝ հիմք ընդունելով դրա լավ լինելը։ 3. Եթե այժմ օրենսգիրք փոխվի, Սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիայի հիմքով կարող է անվավեր ճանաչել ընտրությունները։ 2005 թվականից ՍԴ-ն, ընտրական վեճերով, իրավունքի դատարան է և այն զուտ իրավասու է գնահատելու ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներով կայացվող որոշման իրավաչափությունը։ Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովը հստակ ասել է, որ ռեյտինգային ընտրակարգը խախտում է Հայաստանի Սահմանադրության տրամաբանությունը։ 4. ԿԸՀ-ն կարող է տեխնիկապես չհասցնի ընտրություններ անել։ Ճիշտ հակառակը. ԿԸՀ-ի գործը, համամասնական ընտրակարգով, էապես հեշտանում է։ Բազում տեխնիկական աշխատանք պահանջող նոր կարգավորումները (նոր կայք և այլն), ըստ ԸՕ փոփոխությունների նախագծի, ուժի մեջ են մտնելու 2022 թվականից, արդ, դա էլ խոչընդոտ չէ։ Ավելին, շատ հնարավոր է, որ լինի ընտրությունների երկրորդ փուլ։ ԿԸՀ-ն բազմիցս ասել է, որ գործող օրենսգրքի սուղ ժամկետներում երկրորդ փուլի կազմակերպումը կարող է տապալվել։ Իսկ նախագծով նախատեսվում է թե երկրորդ փուլի հավանականությունը պակասեցնող, և թե դրա անցկացման ժամկետները երկարացնող փոփոխություններ։ Հ.Գ. Եվս մեկ անգամ հիշեցնում եմ. 2018 թվականի հոկտեմբերին ՀԿ-ները, ՔՊ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, ինչպես նաև ԿԸՀ-ն միասին պայքարում էինք, որ ընտրություններից 41 օր առաջ Ընտրական օրենսգիրքը փոխվեր... Ու փոխվեր առանց կոնսենսուսի և առանց Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիայի։ Բա ի՞նչ փոխվեց»: