Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Բժշկին մեղադրանք է առաջադրվել 4-ամյա երեխային ապտակելու համար

Բժշկին մեղադրանք է առաջադրվել 4-ամյա երեխային ապտակելու համար
252
Երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ., 11:00

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկի կողմից չորսամյա տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 4-ամյա փոքրիկին, որն ի ծնե ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր, 2021թ. մարտի 17-ին ծնողները տարել են «Նորք Մարաշ» ԲԿ մանկական սրտաբանական կլինիկա՝ բժիշկ-սրտաբանի մոտ հետազոտության:

Նշված օրը երեխան անհանգիստ է եղել և կենտրոնում չի ենթարկվել բժշկին ու մորը: Բժիշկը, երեխային հանդարտացնելու և հանգստացնելու նպատակով, դիտավորությամբ ապտակել է նրան՝ պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս՝ դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքի ձևով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: