Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երկիր Ծիրանի»-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին․ հայտարարություն

«Երկիր Ծիրանի»-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին․ հայտարարություն
303
Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 19:35

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Անկախ Հայաստանի վերջին շուրջ երեսուն տարում մենք ունեցել ենք մեկ Գերագույն խորհուրդ և յոթ Ազգային ժողով: Մեր բոլոր խորհրդարաններն էլ ձևավորվել են Հայկական պետականության շուրջ 42.000 քառ. կմ տարածքի նկատմամբ հայ ազգի իրավազորության պայմաններում, չնայած որ իրավական բովանդակությամբ մեր Արցախյան հատվածը թողնվել էր դե-յուրե չճանաչված՝ վիճելի միավոր:

Այս երեսուն տարիների ընթացքում մենք՝ հայերս, լռակյաց կրում էինք այն գաղափարը, որ Արցախը մեր Հայրենիքն է և ազգային կարողություններով պետք է պաշտպանենք մեր Հայրենիքը: Սակայն միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետությունն ի զորու չեղավ դե-ֆակտո ազատագրված Արցախը Անկախ և Միացյալ Հայաստանի համազգային տեսլականից բխող պետական քաղաքականության հարց ձևակերպել և լուծել, ինչն էլ այսօր հանգեցրեց Հայկական պետականության լինելիության հարցականին:

2018 թվականին իշխանության բերված խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջովին խաթարեց հայկական իրավազորությունը ազատագրված Արցախի նկատմամբ և այժմ էլ լծվել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ հայկական իրավազորության վերացմանը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այդ խմբակը կարողացավ մոլորեցնել հանրությանը և հայ ժողովրդին, բեմադրված պատերազմով պատճառելով տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ՝ թշնամուն հանձնեց հայոց Արցախից շուրջ 10.000 քառ. կմ տարածք: Հայրենիքի կործանարար հանձնումից հետո մենք ականատես եղանք ցեղասպան և հայրենազրկման ծրագիր իրականացնողների բեմադրության հաջորդ արարին՝ նրանք թույլ տվեցին, որ թշնամին մտնի և դիրքավորվի Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում: Օրեր առաջ նրանք առանց կաշկանդվելու հայտարարեցին, որ մոտ ժամանակում նախատեսում են հանձնել կարևոր բարձունքներ Հայաստանի Հանրապետության Արարատի, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից:

Ցեղասպան և հայրենազրկման ծրագիր իրականացնողները, այսպես կոչված՝ «ԱԺ արտահերթ ընտրությունների» կազմակերպմամբ ավելի են շեղում հայերին արդի մարտահրավերներից: Իշխանության բերված խմբակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կեղծ հրաժարական և պարտադրելով կեղծ, այսպես կոչված՝ «ԱԺ արտահերթ ընտրությունների» օրակարգ, թմրեցնում է հասարակության զգոնությունն ու շարունակում իրականացնել հայ ազգի պառակտումը: Միևնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված, այսպես կոչված՝ «ԱԺ արտահերթ ընտրությունների» պատվիրատուներն ուսումնասիրում են քաղաքականապես անկեղծ, ակտիվ հայերին՝ նրանց ծրագրերը, այդ ծրագրերի հետևից գնացողներին, և իհարկե, իրենց կողմից ներդրված, այսպես կոչված՝ «առաջնորդների» ունակություններն ու կարողությունները՝ ցեղասպան և հայրենազրկման ծրագիրն իրենց ուզած ավարտին հասցնելու համատեքստում:

Արցախը հանձնած և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում թույլ տված, Հայրենիքից նորից թշնամուն հող տալու մտադրություն ունեցող, հրաժարական տված, սակայն իշխանության ղեկն իր ձեռքում պահողի դեմ պայքարելը, այսպես կոչված՝ «ԱԺ արտահերթ ընտրություններին» պաշտոնապես մասնակցելը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը գտնում է ոչ արդյունավետ և ոչ նպատակահարմար: Միևնույն ժամանակ՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը անվերապահորեն հաջողություն է մաղթում բոլոր նրանց, ովքեր, այսպես կոչված՝ «ԱԺ արտահերթ ընտրություններ» գործողությունը կվերածեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակի տապալմանը, քաղաքականապես ոչնչացմանը, ցեղասպանության և հայրենազրկման դատապարտմանը՝ դատավճռի կայացմանը:

Մեր Հայրենիքի ազատագրումը օտար, առավել ևս թուրքական շահերի սպասարկուներից՝ հայ ազգի այսօրվա կարևորագույն գործն է, այդ թվում՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության գործը»: