Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
221
Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 13:30

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը.
«Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության համամարդկային ընկալումներին։
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում տեղ գտնող իրադարձությունները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքի հանդեպ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղության վերականգնման և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող բազմակողմանի ջանքերը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացյալ ռազմագերիներին ազատ արձակելու և կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում»,- ասված է հայտարարության մեջ։