Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը». Վարուժան Գեղամյան

«Կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը». Վարուժան Գեղամյան
192
Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 16:15

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ այնուհետև երիտթուրք գործիչները ձգտում էին նվաճել Արցախի լեռնային հատվածի սիրտ Շուշի բերդաքաղաքը, որպեսզի վերահսկեին ողջ տարածաշրջանը։ Նույնիսկ պետության բացակայության պայմաններում Արցախի հայկական ուժերը կարողացել են դիմադրել թուրքական բանակների այդ փորձերին։

◾ Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում և այսօրվանից իրենց նվաճողական հայացքն ուղղում են Արցախի մնացյալ 25%-ին և Սյունիքին։ Դա հնարավոր դարձավ այն պատճառով, որ 2020թ. Հայաստանում իշխանության եկան անհայրենիքները, որոնց համար Հայաստանն ու հայկական աշխարհը որևէ արժեք չունի և որոնք պատրաստ են զիջել մեր բոլոր արժեքները թուրք-ադրբեջանցիներին։

◾ Նկարներից վերևում դուք տեսնում եք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին՝ Շուշիի քաղաքապետարանի շենքի առջև ռազմական շքերթ դիտելուց։ Իսկ ներքևում նույն շենքն է, որը հսկում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը մինչև 2020թ. նոյեմբերը։

Այսօր՝ Հայաստանի դրոշի օրը, Հայկական պետության դե ֆակտո ղեկավարն այսօր Թուրքիային և Ադրբեջանին դատապարտող, քննադատող ոչ մի խոսք չի ասել այս առիթով, հայկական ոչ մի պաշտոնյա չանդրադարձավ այս թեմային։ Ո՛չ մեկ՝ ԱԳՆ-ից մինչև Անվտանգության խորհուրդ։ Ավելին, նույն ժամերին կապիտուլյանտն ու իր թիմը փորձում են իրենց ենթարկեցնել ընդդիմադիր Սյունիքը, որը թուրքերի հաջորդ երազանքն է։

Այ հենց այս պատճառով ենք պնդում, որ Ն. Փաշինյանը թուրքամետ կապիտուլյանտ է։ Ուստի հունիսի 20-ին պետք է հեռացնել թուրքահպատակ իշխանություններին, որպեսզի թուրքերի հաջորդ երազանքը չկատարվի»։