Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այս խայտառակ վիճակը գոյություն ուներ թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ նաև երկրորդ պատերազմից հետո». Արթուր Սաքունց

«Այս խայտառակ վիճակը գոյություն ուներ թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ նաև երկրորդ պատերազմից հետո». Արթուր Սաքունց
233
Երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ., 15:48

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․ «Ուղղակի արդեն աբսուրդի է վերածվում տրամաբանությունը
ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին ըստ իր շահերի՝ ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանի շահերը բնականաբար հաշվի չառնելով:
ՌԴ-ն զենք է վաճառում Թուրքիային՝ էլի ըստ իր շահերի, ու վերստին իր ռազմավարական դաշնակից հանդիսացող Հայաստանի շահերը հաշվի չառնելով:
Հասկացանք, ու ոչ մի հակափաստարկ անիմաստ է ներկայացնել. ինքն իր շահերը:
Բայց ինչու պետք է Հայաստանը իր ռազմական կարիքների համար որոշումները կայացնելիս, հաշվի չառնի միայն իր շահերը, այլ հաշվի առնի իր շահերը հաշվի չառնող ռազմավարական դաշնակցի շահերը:
Ու այս մոտեցումը որպես պաշտոնական դիրքորոշում միջազգային մակարդակում ներկայացնելով, ի՞նչ տպավորություն կամ պատկերացում ես ձևավորում քո՝ որպես պետության նկատմամբ, ու նման պատկերացումը արդյո՞ք բխում են Հայաստանի պետական շահերից:
Այս խայտառակ, նվաստացուցիչ վիճակը գոյություն ուներ թե՛ մինչև հեղափոխությունը, երբ իբև թե Հայաստանի դիրքերն ավելի կայուն ու ուժեղ էին (կրկնեմ, իբրև թե), թե՛ նաև երկրորդ պատերազմից հետո, երբ ակնհայտ թուլացած են Հայաստանի դիրքերը:
Այսինքն, անկախ նրանից, թե ինչ վիճակում են պետության դիրքերը, անկախ նրանից, թե քաղաքական որ ուժն է Հայաստանի կառավարությունը ներկայացնում, Հայաստանի պետական շահերի իրականացման վերաբերյալ որոշումներում որոշիչ է ՌԴ պետական շահի սպասարկումը:
Նման աբսուրդ, անտրամաբանական, անարժանապատիվ դիրքորոշումը չի վիճարկվել, չի վիճարկվում ԱԺ-ում ներկայացված և ոչ մի քաղաքական ուժի կողմից: Այս խայտառակ, անարժանապատիվ դիրքորոշման շուրջ համաձայնություն կա քաղաքական, հասարակական դաշտում՝ փոքր բացառություններով:
Այս քաղաքական համաձայնությունը Հայաստանի անվտանգության ներքին թիվ մեկ սպառնալիքն է. սա ապացուցված է 1994թ-ից հետո անցած ժամանակաշրջանի փորձով:
Ու այս խայտառակ կոմպրոմիսը դադարեցնելու հարցում «կանգ առ» հայտնի կոչով հանդես չի գալիս իբր թե Հայաստանի փրկությամբ առավել աղմկող կուսակցություն կոչվածների բացարձակ մեծամասնությունը:
Այս դիրքորոշման հարցում բացառիկ համաձայնությունը անիմաստ է դարձնում մնացած բոլոր հարցերում տարաձայնությունների, գզվռտոցների բնույթը, նշանակությունը, իշխանություն-ընդդիմություն հասկացությունների գոյությունն ու սահմանները, որոնք միայն մեկ նշանակություն են ունենում, թե ով կհաջողացնի վերցնել իշխանությունը:
Ձգտել իշխանության առանց անվտանգությանը սպառնացող այս խնդիրը լուծելու նպատակի, ուղղակի ապշեցուցիչ ցինիզմ է»:

Աղբյուրը`   Արթուր Սաքունց