Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հաշվի առնելով իշխանությունների՝ ԽՄ քարտեզագրության հանդեպ սերը, նրանք պետք է պարզաբանեն երեք հարց»․ Աբովյան

«Հաշվի առնելով իշխանությունների՝ ԽՄ քարտեզագրության հանդեպ սերը, նրանք պետք է պարզաբանեն երեք հարց»․ Աբովյան
286
Հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ., 16:18

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես միշտ ընգծել եմ, որ մեր կարծիքները, քննադատությունները, եզրակացությունները պետք է լինեն զերծ՝ էմոցիոնալ ֆոնից։
Այդ իսկ պատճառով գոյություն ունի հստակության սկզբունք, որը թույլ կտա շատ հստակ հետևություններ անել իշխանությունների նպատակներից այս կամ այլ հարցում։
Օրինակ, իշխանությունները հայտարարում են, որ Արցախի հիմնախնդրի լուծման շրջանակներում իրենք պայքարելու են արցախցիների ինքնորոշման իրավունքի համար։
Կարծես թե այս հարցում ամեն ինչ հասկանալի է, բայց արի ու տես որ ո՜չ, ոչ մի բան պարզ չէ, ասեմ ավելին՝ չափազանց վտանգավոր է և մշուշոտ։
Եվ այսպես, ինքնորոշման սկզբունքը շատ լայն է և ծավալուն, չհստակեցված ինքնորոշման սկզբունքի համաձայն՝ վաղը տեսականորեն կարող է առաջ մղվել մի թեզ, ըստ որի արցախցիներին կառաջարկվի «մշակութային ինքնավարություն» Ադրբեջանի կազմում։
Ցավոք, հաշվի առնելով իշխանությունների ադրբեջանահաճո իբր «խաղաղասիրական» կեցվածքը և Խորհրդային միության քարտեզագրության հանդեպ յուրօրինակ սերը, կարծում եմ որ ԱՆՊԱՅՄԱՆ իշխանությունները պետք է առանց ավելորդ բառախաղերի պարզաբանեն երեք հարց։
1. Ընդունո՞ւմ են ՀՀ իշխանություններն այն պարզ իրողությունը, որ Արցախի Հանրապետությունը ոչ մի ձևաչափով, ոչ մի կարգավիճակով, ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
2. Ընդունո՞ւմ են ՀՀ իշխանությունները Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որպես քաղաքասիրական և իրավական փաստ։
3. Համարո՞ւմ են արդյոք ՀՀ իշխանությունները, որ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Արցախի Հանրապետության իրավական դաշտ։
Եթե այս հարցերի ՀՍՏԱԿ և ՈՒՂԻՂ պատասխանները հանրությունը չստանա, ապա դա կնշանակի, որ ներկայիս իշխանությունները պատրաստվում են լիարժեք հրաժարվել Արցախի անկախության գաղափարից։
Ես առայժմ զերծ կմնամ հետագա վերլուծություններից՝ ակնկալելով պատասխանները, սակայն կրկնեմ՝ եթե պատասխաններ չլինեն, ապա համարենք, որ իմ կողմից վերը նշված ռիսկերը առկա են և ստիպելու են մեզ բոլորիս անել համապատասխան հետևություններ այս իշխանության իրական կեցվածքի և նպատակների մասին»։

Աղբյուրը`   Արման Աբովյան