Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ընդդիմությունն իր ոչ լեգիտիմությամբ գործող իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրն է»․ Հակոբ Բադալյան

«Ընդդիմությունն իր ոչ լեգիտիմությամբ գործող իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրն է»․ Հակոբ Բադալյան
710
Կիրակի, 12 դեկտեմբերի, 2021 թ., 01:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Վարչապետ Փաշինյանի գրառումը հետաքրքրել ու հարցեր առաջացրել է շատ-շատերի մոտ: Տարբեր են գրառման վերաբերյալ կարծիքներն ու մեկնաբանությունները, թե ինչ կար տողատակում կամ ինչ էր ակնարկում, ինչ ազդակ էր հղում Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի հանգամանքն այն է, ինչի ամենատարբեր ասպեկտների մասին անձամբ ինքս գրում եմ տասնամյակից ավելի: Այն ժամանակ, երբ գրեթե ոչ ոք չէր խոսում կամ գրում այդ հարցերի մասին: Դրա համար տևական ժամանակ թիրախավորվել եմ նաև անհատապես: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Այս հանգամանքը պարզապես մատնանշեցի արձանագրելու համար, որ այդ թեման ավելի քան տասնամյակ եղել է իմ լրագրողա-մեկնաբանական աշխատանքի հիմնական առարկան, ամենատարբեր ինֆորմացիոն առիթների, քաղաքական իրադարձությունների, երևույթների բերումով:
Փաշինյանի արձանագրումը՝ հիբրիդային պատերազմ, թերևս ունի առանձին որոշակի անդրադարձի կարիք՝ զուտ քաղաքական ասպեկտով:
Ընդհանուր առմամբ, գրառումը, իմ սուբյեկտիվ կարծիքով, Հայաստանում իշխանության խնդրի մասին է: Մոտալուտ, թե «էքզիստենցիալ» իմաստով, շատ բարդ է ասել: Դարձյալ, իմ սուբյեկտիվ գնահատմամբ հարցը ավելի շուտ երկարաժամկետ է: Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք հոդվածներում և հարցազրույցներում պարբերաբար խոսել եմ Հայաստանում լեգիտիմ իշխանափոխության խնդրի առկայության մասին: Լեգիտիմ իշխանափոխության հնարավորությունը մեր տիպի պետությունների համար արտաքին-անվտանգային քաղաքականության կարևորագույն միջոց է: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում առաջացել է այդ խնդիրը, որովհետև կա լեգիտիմ իշխանություն, չկա համարժեք լեգիտիմությամբ ընդդիմություն: Սրա պատճառներն օբյեկտիվ են ու սուբյեկտիվ, բայց դրանից խնդիրը չի փոխվում:
Ի՞նչ ունենք այսօր: Ունենք մի վիճակ, երբ ընդդիմությունն է իր ոչ լեգիտիմությամբ գործող իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը: Բառացիորեն նախօրեին մեկնաբանություն գրեցի այս խնդրի վերաբերյալ, որ միայն լեգիտիմ իշխանությամբ պետությունը կարող է ճկուն լինել կարճ ժամանակահատվածի համար, մինչդեռ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը շարունակվելու է դեռ երկար, որովհետև դեռ երկար է շարունակվելու հիբրիդային «երրորդ համաշխարհային պատերազմը»: Ըստ այդմ, Հայաստանի համար կենսական խնդիր է լեգիտիմ իշխանությանը զուգահեռ համարժեք լեգիտիմությամբ ընդդիմության գոյությունը:
Սա Հայաստանի իշխանության հարց է, իմ տպավորությամբ Փաշինյանը սկսում է շոշափել այդ հարցը, որովհետև թերևս ինքն է ամենից լավ պատկերացնում խնդիրների ու սպառնալիքների ամբողջ ծավալը և միայն լեգիտիմ իշխանությամբ դրան դիմագրավելու սահմանափակ ժամանակը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան