Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Նիկոլը Հայաստանը տանում է գրպանային դիվանագիտության ճանապարհով. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Նիկոլը Հայաստանը տանում է գրպանային դիվանագիտության ճանապարհով. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
227
Չորեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2021 թ., 13:00

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը
հոդված է հրապարակել, որում գրում է. «Իր բնավորության համաձայն՝ սովորաբար իրականությունը ոչ բարդացնող և ոչ էլ մեղմող Ռ. Քոչարյանը ասուլիսում, այնուհանդերձ, մի փոքր խնայող գտնվեց։ Խոսելով Արցախի շուրջ զարգացումների մասին՝ նա տվեց ձևակերպում, թե «այս իշխանությունը որոշ ժամանակ հետո ասելու է՝ Ղարաբաղի հարցն այլևս ինձ հետ կապ չունի, և գցելու է Ռուսաստանի գրպանը»։
Նման պայմաններում միակ հետևությունը, որ պետք է անել, հետևյալն է. թույլ չտալ, որ այդ անդառնալիության պահին Հայաստանում լինի այս իշխանությունը։
Բայց խնդրի խորությունը սրանով չի սահմանափակվում։ Իրականում այս իշխանությունը նույն ճակատագիրը պատրաստել է նաև Հայաստանի համար։ Մի պահի Հայաստանն են փորձելու «գցել Ռուսաստանի գրպանը», իսկ թե դա չստացվի՝ Թուրքիան կա ու կա։
Մեր պետությունը հենց այդ կետին է գնում, երբ կորցնելու է ոչ միայն սուվերենությունը, այլևս՝ ինքնուրույն գոյատևելու, ինքնուրույն կենսագործունեություն ունենալու հնարավորությունը։
Նիկոլը Հայաստանը տանում է գրպանային դիվանագիտության ճանապարհով։ Այս իշխանության բովանդակությունը միայն նման հանգրվան է նախատեսում։
«Մեծ գրպաններ» ունեցող պետություններն իրար հետ կպայմանավորվեն, և արդյունքը կախված կլինի նրանց՝ տվյալ պահի առավելություններից ու խնդիրներից։ Կպայմանավորվեն ոչ թե մեզ համար, այլ՝ մեզ վրա։
Այս իշխանությունը ոչ մի բանի պատասխանատվություն չի վերցնում։ Ինչպես բոլոր ներքին տապալումներում է ասում «ես մեղավոր չեմ, մեղավորը ուրիշներն են», այնպես էլ՝ պետության ամբողջականության և սուվերենության հարցում մի օր ասելու է՝ ես ի՞նչ կապ ունեմ, դա կախված է Ռուսաստանից կամ Թուրքիայից»։