Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուսաստանը մտնում է ցնցումների լուրջ փուլ»․ Հայկ Մարտիրոսյան

«Ռուսաստանը մտնում է ցնցումների լուրջ փուլ»․ Հայկ Մարտիրոսյան
360
Շաբաթ, 12 փետրվարի, 2022 թ., 17:24

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումը, որ այսօր առավել քան երբևէ իրատեսական է և հնարավոր՝ ելքի մեկ սցենար ունի և դեպի այդ ելք տանող երկու ուղի:
Ուղիներից մեկը ռուսական զորքի հաջողությունն է և Կիևում իշխանափոխությունը՝ կրեմլյան խամաճիկի տեղադրմամբ:
Երկրորդ ուղին՝ ռուսական զորքերի դժվարությունների հանդիպելն է և Ուկրաինայի վիետնամացումը, որ կստեղծի մի իրավիճակ, որ քաղաքագիտական տերմինով կոչվում է quagmire. Այլ խոսքերով՝ ծուղակ, որից ելք չկա: Այդ դեպքում՝ երբ ռուսական զորքերը ծանր կորուստներ կունենան, Կրեմլի համար ելք կարող է լինել 2008թ. Վրաստանի օրինակով՝ Արևմուտքի հուժկու ճնշման տակ հնարավորությունից օգտվելն ու զորքերն արագ դեպի ելման կետ հետ տանելը:
Երկու ուղիներն էլ մեկ ելք են ունենալու:
Արևմուտքի վճռականությունը՝ ամբողջ միասնությամբ կործանել Ռուսաստանը կամ առնվազն հեռացնել նախագահ Պուտինին:
Դրա համար տնտեսական բոլոր լծակներին Արևմուտքը տիրապետում է: Տիրապետում է և ռազմական մեթոդների՝ Ռուսաստանի համար մղձավանջ ստեղծելու համար: Ոչ ռուս-ամերիկյան կամ եվրոպա-ամերիկյան ուղղակի բախման տեսքով: Այլ՝ դասական պրոքսի տարբերակով՝ շարունակելով զինել, հետախուզական տեղեկատվություն տրամադրելով և ուղղակի ուկրաինական ռազմական օպերացիան ուղիղ ուղղորդելով:
Այս ամենը Կրեմլում թերևս հասկանում են: Եվ եթե այնուամենայնիվ գնան պատերազմի և հարձակման ուղով՝ դա կնշանակի միայն մեկ բան. որ Կրեմլում այլևս որևէ բանականություն չի մնացել և որ Կրեմլը որոշել է թուրքական մարտավարություն կիրառել և գնալ վաբանկ՝ հանուն իր անչափ ռիսկային գաղափարի և դերի բարձրացման հնարավորության:
Դա նաև կնշանակի, որ Ռուսաստանն արագ ծնկի կգա արդյունքում:
Ամեն դեպքում՝ Ռուսաստանը մտնում է ցնցումների լուրջ փուլ: Առաջիկա օրերը ցույց կտան թե Կրեմլն իր երկրի համար ինչպիսի ուղի կորդեգրի»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան