Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հատուկ պուտինիստների համար». Սաքունց

«Հատուկ պուտինիստների համար». Սաքունց
241
Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 00:36

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Հատուկ պուտինիստների համար
Պատկերացնենք ամենավատ սցենարը․ Պուտինը որոշում է հարձակվել Ուկրաինայի վրա։
Ինչ հնարավոր իրավիճակներ կարող են ստեղծվել մեր՝ Հայաստանի համար, հաշվի առնելով հարաբերությունների այն վիճակը, որում գտնվում ենք։
Առաջին ու գլխավոր տարբերակը․ Պուտինը պահանջում է որպես ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանին ներգրավվել այդ ագրեսիային ՌԴ-ի կողմից։ Պարզ է, որ նման պայմաններում դառնում ենք ագրեսիան սանձազերծած պետության աջակցի դերում, դրանից բխող բոլոր հետևանքներով․ սանկցիաները, որոնք կկիրառվեն ՌԴ-ի դեմ, կկիրառվեն նաև ՀՀ-ի դեմ։
Հետևանքները նույնիսկ անպատկերացնելի են։
Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Էրդողանը կաջակցի՞ Պուտինին, իհարկե ոչ․ միանշանակ կանցնի Արևմուտքի կողմը, և չի տանի Թուրքիան հանուն Պուտինի արկածախնդրության՝ ընդեմ Արևմուտքի։ Այստեղ որոշիչը ոչ թե կլինեն արժեքների ընդհանրությունը կամ տարբերությունը Արևմուտքի կամ Պուտինի ռեժիմի հետ, այլ չոր հաշվարկը՝ չվնասելու սեփական ռեժիմի շահերը։
Էրդողանն ունի Պուտինին մերժելու կամ նրա աջակիցը չլինելու ռեսուրսներ, բայց չունի նման ագրեսիայի պայմաններում Արևմուտքին դիմագրավելու ռեսուրսներ ՝ եթե անցնի Պուտինի կողմը։
Բայց եթե չանցնի Պուտինի կողմը, ապա արդյոք չի օգտագործի Արևմուտքի կողմը լինելու իր հնարավորությունն իր շահերի համար․ իսկ ինչու չպետք է օգտագործի պահը, կամ ինչու չպետք է փորձի իր ռեժիմի շահերը պաշտպանելու ստեղծված հնարավորությունից։
Եվ ինչ կարող է անել։ Օրինակ ռուսական վտանգը չեզոքացնելու պատրվակով, ելնելով Հայաստանում ռուսական բազաների առկայությունը, փորձի իրականացնել որոշ գործողություններ, իբր թե պուտինյան վտանգը կանխելու նպատակով ու անցնի Հայաստանի դեմ գործողություններին։
Նման պայմաններում Արևմուտքի կողմից էրդողանյան նման գործողությունների դեմ հակափաստարկները կարող են լինել ավելի թույլ։
Երկրորդ տարբերակ․ Պուտինը չի պահանջում Հայաստանից ներգրավել Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիային․ սա լավագույն տարբերակը կարող է լինել։
Այս դեպքում Արևմուտքը որևէ վտանգ չի ակընկալի Հայաստանում ռուսական բազայից և մենք կմնանք հեռու այդ թոհուբոհից։ Սակայն որպեսզի այս սցենարն աշխատի, Հայաստանը պետք է ունենա անհրաժեշտ ռեսուրս, առաջին տարբերակում նշված դեպքում՝ Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիային մասնակցելուն դրդելու գործողությանը հակադրվելու, դիմադրելու և կանխելու ռեսուրս․ ունի՞ այդքան ռեսուրս Հայաստանը, շատ դժվար հարց է։
Բայց այս դեպքում անգամ Թուրքիան կփորձի Հայաստանում ռուսական բազաների գտնվելու փաստն օգտագործել իր տարածաշրջանային հավակնությունների իրականացման նպատակով և ակնհայտ գործողություններ կփորձի իրականացնել Հայաստանի դեմ։ Ունե՞նք նման անհրաժեշտ ռեսուրսներ Թուրքիայի նման նկրտումները կանխելու համար։
Այսինքն միաժամանակ երկու նկրտումների դեմն առնելու անհրաժեշտությունը կունենանք․ Էրդողանի և Պուտինի ըստ իրենց շահերի մեզ ներքաշելու կամ մեր դեմ ոտնձգությունները կանխելու նպատակով։ Պարզ է, որ այս դեպքում հնարավոր ռեսուրսը կարող է հանդիսանալ Արևմուտքի հետ երկխոսությունը, համագործակցությունը․ պարզապես այլ ռեսուրս չկա։
Հիմա, ակնկալել, որ ՆԱՏՕ-ն կամ Արևմուտքը կամ ԱՄՆ-ն ներկայումս իրենց զորքերը կուղարկեն Հայաստանին որևէ ոտնձգությունից պաշտպանելու նպատակով, միամտություն է, եթե չասեմ ուղղակի անմտություն ու շատ վտանգավոր արկածախնդրություն։
Բայց մյուս կողմից, ով է ասել, թե նման ծայրահեղ ու լարված իրավիճակում կարելի է, տրամաբանական է, հնարավոր է նման քայլերի մասին մտածելը, որն ուղղակի արկածախնդրություն կլիներ։
Շատ լավ գիտեք, թե ինչ եք արել, ինչ ծուղակ եք ստեղծել, ու նման հարցադրում անողները առավել քան վստահ են իրենց ստեղծած ծուղակի ամենազորության մեջ։
Այո, եթե Հայաստանը դեռևս 1995-96թթ հստակ որոշում կայացներ եվրոատլանտյան ուղղությամբ զարգանալու, ինտեգրվելու ուղղությամբ, ինչ որ ժամանակ ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամագրվելու նպատակով, երբ ՌԴ-ն դեռևս չուներ նման ավտորիտար, բռնապետական կառավարում և վտանգներ չէր ներկայացնում տարածաշրջանի և աշխարհի համար, երբ Թուրքիան չուներ այսօրվա Էրդողանի ռեժիմի նման ավտորիտար և բռնապետական ռեժիմ, այո հնարավոր էր, որ Հայաստանի եվրոատլանտյան ինտեգրացիան բոլորովին այլ մակարդակում գտնվեր ու խորությամբ լիներ, ու հաստատ ոչ ռուսական բազա կունենայինք, ոչ ՀԱՊԿ-ի անդամ կլինեինք, ոչ էլ ԵԱՏՄ-ի անդամ, այլ ավելի հավանական է լինեինք եթե ոչ ԵՄ-ի անդամ պետություն կամ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, բայց հաստատ շատ սերտ համագործակցություն այդ կառույցների ու Արևմուտքի հետ ու ըստ դրա նաև շատ ավելի զարգացած պետության կարգավիճակում։
Եվ նման պետության հետ հաստատ թելադրանքի ուժով չէր համարձակվի խոսել որևէ այլ պետության իշխանություն։
Իսկ հիմա, երբ Հայաստանի եվրասիական ուղղության ճարտարապետները, տարիներ շարունակ Հայաստանն ընկղմել են ՌԴ-ի տիրապետության տակ, ու այս խորը եվրասիական ինտեգրման վիճակում գտնվող պետությունում հայտարարում են, թե բա ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ու՞ր են․ Ձեր իսկ դասականի խոսքերով հակադարձեմ․ իյաա, իրո՞ք։
Չափից դուրս ճարպի՞կ եք Ձեզ համարում, թե մնացածների մտածելու ունակության վրա եք կասկածում․ կամ էլ տրամաբանությունից բացարձակապես եք զուրկ, կամ էլ Ձեզ հայտնի խողովակի տեղն եք դնու՞մ։
Այո, անկախությունից հետո որդեգրած Եվրասիական ինտրեգրվածության ուղղությունը Հայաստանին դարձրել են բացառիկ խոցելի Արևմուտքի հետ պուտինյան ռեժիմի առճակատման այս իրավիճակում, ու ընդհանրապես հանդիսացել է Հայաստանի զարգացումը սահմանափակող հիմնական գործոնը / և ոչ թե ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը, որը որպես միակ սահմանափակող գործոն են փորձում ներկայացնել/։
Մինչև հիմա թինկը տված ՀԱՊԿ-ի, հետո պուտինյան ռեժիմի այնուհետև նաև ԵԱՏՄ կոչեցյալ մտացածին հովանու տակ լավ եք զգացել Ձեր կոռուպցիոն ճենճոտ բազկաթոռներում, մատը մատին չտալով պետության անվտանգային հնարավոր բոլոր մարտահրավերները կանխելու համար ամենատարբեր սցենարներ, ռեսուրսներ, հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։
Հիմա եկել, Ձեր իսկ ստեղծած աղբի մեջ ասում եք, դե ոնց եք դուրս գալո՞ւ․ այդքան համոզվա՞ծ եք Ձեր ստեղծած ճահճից դուրս գալու որևէ հնարավորության բացակայության մեջ։
Ճիշտ եք, անչափ դժվար է․ բայց ոչինչ ահնարին չէ։
Բայց, այն դիրքը, որ բռնել եք․ «թե բա տեսնենք, ոնց եք դուրս գալու մեր ստեղծած ճահճից», ուղղակի բացառիկ ցինիզմ է․ լռեք ու սսկվեք»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց