Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին
![]() 2230 Կիրակի, 03 ապրիլի, 2022 թ., 10:24 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Անցած տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության ամենաբարձր մակարդակի, որն առանձնանում է միջպետական համագործակցության բոլոր ոլորտներում կայուն զարգացմամբ։ Հաստատուն և մշտապես հարստացվող երկկողմ իրավապայմանագրային բազան հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, որի ստորագրման 25-ամյակը կնշենք այս տարվա օգոստոսին, և դեպի 21-րդ դար ուղղված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի վրա։ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր խորը ավանդույթների վրա։ Այս հզոր համախմբող գործոնը հիմք է հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական, արդյունաբերական, առևտրային, միջտարածաշրջանային, հումանիտար և գիտակրթական ոլորտներում խթանելու համար։ Ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի համաձայնագրերի հետևողական իրականացման շնորհիվ մենք շարունակում ենք արտաքին քաղաքականության համակարգումը միջազգային ասպարեզում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, ինչպիսիք են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը և Անկախ պետությունների համագործակցությունը։ Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Ձեր անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բարենպաստ կենսապայմանների ապահովման գործում։ Հուսով եմ, որ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության խաղաղ կյանքը իր հողում։ Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերը կհանգեցնեն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, իսկ Ռուսաստանի հետագա միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամբողջությամբ ուղղված կլինեն հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։ Մեր երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում արժեքավոր ներդրում ունի նաև Ռուսաստանի հայ համայնքը։ Վստահ եմ, որ հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշի մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ մեր երկրների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման, ինչը, անկասկած, բխում է մեր ժողովուրդների և պետությունների ռազմավարական շահերից»։ |

«Տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
18216:06
Աբաս Արաղչին հայերեն գրառում է հրապարակել
40000:24
Սևանի, Արարատի, Արթիկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
39428.03.2026, 10:42
3 անձ է կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
34428.03.2026, 09:36
Արարատ Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
48127.03.2026, 16:24
Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
37427.03.2026, 13:36
«Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ». Ռոբերտ Ղուկասյան (տեսանյութ)
32927.03.2026, 13:30
ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին Հայաստանը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը
46727.03.2026, 00:06
