Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան

«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
19
Այսօր, 00:30

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում։ Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև առաջին հերթին տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից։
Այս առումով առանձնահատուկ ուշադրության են արժանի Իրանից հնչած երկու հայտարարությունները։
Եթե կհիշեք, նոյեմբերի 5-ին Իրանի գերագույն առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Վելայեթին հոդված էր հրապարակել, որտեղ նա ՀՀ հարավում ամերիկյան ներկայության ընդլայնումը ներկայացրեց որպես Իրանի աշխարհաքաղաքական շահերին առնչվող լուրջ մարտահրավեր՝ հասկացնելով, որ Թեհրանը մտադիր չէ անտարբեր լինել այդ ամենին։
Նոյեմբերի 23-ին՝ TRIPP-ի գործնական փուլի մեկնարկի օրը, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմեդ Մոխբարը հանդես եկավ ավելի ուղղակի հայտարարությամբ՝ ընդգծելով. «Կեղծ երթուղիները երբեք չեն փոխարինի իրական միջանցքներին՝ լինի դա Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի դա հարավային երթուղին՝ Հորմուզի նեղուցով, թե TRIPP-ը (Զանգեզուրը)։ Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա այն շրջանցել։ Դաս քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից»։
Ըստ էության՝ նշված հայտարարությունները մեկ ընդհանուր քաղաքական ուղերձի երկու դրսևորում են։ Բնավ գեոպոլիտիկ հանճար լինել պետք չէ, որպեսզի հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ Թեհրանի համար TRIPP-ը պարզապես ճանապարհային կամ տնտեսական սովորական նախագիծ չէ։ Հակառակը՝ կարող է դառնալ տարածաշրջանում արտաքին ուժերի ազդեցության ընդլայնման և տարածաշրջանային ուժերի հարաբերակցության փոփոխության գործիք։
Մոխբարի կողմից Հորմուզի նեղուցի հիշատակումը հատկապես խոսուն է։ Հորմուզը Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության կարևորագույն լծակներից է։ Այն համեմատելով Հայաստանի հարավով անցնող երթուղու հետ՝ Մոխբարը փաստացի ցույց է տալիս, որ Թեհրանը TRIPP-ը դիտարկում է իր կենսական ռազմավարական շահերի համատեքստում։ Սա ոչ թե սովորական դիվանագիտական դժգոհություն է, այլ նախազգուշացում այն ուժերին, որոնք ծրագրում են տարածաշրջանի հաղորդակցային քարտեզի վերաձևավորումը՝ առանց Իրանի շահերը հաշվի առնելու։
Ակնհայտ է, որ Իրանի մտահոգությունների հիմքում Հայաստանի աշխարհագրական դիրքն է։ Սյունիքը Թեհրանի համար ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն որպես հարևան տարածք, այլև որպես դեպի Հարավային Կովկաս և հյուսիսային ուղղություններ տանող կարևոր աշխարհագրական հանգույց։ Հայաստանի հետ սահմանը Իրանի տարածաշրջանային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից է։
Վելայեթիի հոդվածում Թուրքմենչայի պայմանագրին և Դերբենդին վերաբերող պատմական անդրադարձը նույնպես պատահական չէր։ Դրանով նա Հարավային Կովկասի նկատմամբ Իրանի հետաքրքրությունը ներկայացնում էր պատմական աշխարհաքաղաքական շարունակականության համատեքստում։ Սակայն Թեհրանի այսօրվա մտահոգությունն առաջին հերթին վերաբերում է իր հյուսիսային սահմանների հարևանությամբ արտաքին ուժերի երկարաժամկետ ներկայության հնարավորությանը։
Ամերիկյան մասնակցությամբ կառավարման և տնտեսական համակարգի ձևավորումը Հայաստանի հարավում Իրանի կողմից ընկալվում է որպես Վաշինգտոնի տարածաշրջանային ազդեցության ընդլայնման հնարավորություն։ Իսկ դա կարող է փոխել ոչ միայն հաղորդակցային ուղիների նշանակությունը, այլև Հարավային Կովկասում անվտանգության ու քաղաքաական ազդեցության հարաբերակցությունը:
Թեհրանի համար խնդիրը շատ ավելի լայն է՝ տնտեսական ազդեցություն, հաղորդակցային վերահսկողություն և տարածաշրջանային ուժերի հարաբերակցություն։
Միաժամանակ TRIPP-ը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար տարբեր նշանակություն ունի։ ԱՄՆ-ը հնարավորություն է ստանում ամրապնդելու իր տնտեսական և քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում, Ադրբեջանը՝ ընդլայնելու դեպի Նախիջևան և Թուրքիա հաղորդակցային կապը, Իրանը փորձում է պահպանել իր հյուսիսային սահմանների ռազմավարական նշանակությունը, իսկ Ռուսաստանը կանգնած է տարածաշրջանում իր ավանդական դերակատարության վերափոխման մարտահրավերի առաջ։
Այսպիսով, Հայաստանի հարավը դառնում է մի քանի աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հատման, միաժամանակ շատ ավելի հնարավոր բախման կետ։ Եվ այս իրավիճակում գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչ են ցանկանում արտաքին ուժերը, այլ այն, թե որքանով է Հայաստանը կարողանալու պաշտպանել սեփական օրակարգը։
Այստեղ է նաև Հայաստանի իշխանության ներկայացրած քաղաքական պատկերի հիմնական հակասությունը։ Նիկոլը TRIPP-ը ներկայացնում է որպես տնտեսական զարգացման և խաղաղության հաստատման պատմական հնարավորություն՝ երկրորդական պլան մղելով դրա շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Մինչդեռ որևէ հաղորդակցային նախագիծ չի կարող գնահատվել միայն ներդրումների ծավալով կամ ապագա բեռնափոխադրումների հեռանկարով։ Դրա իրական արժեքը որոշվելու է նաև նրանով, թե ինչպիսի արտաքին կախվածություններ են ձևավորվելու և որքանով է Հայաստանը պահպանելու ռազմավարական որոշումների ինքնուրույնությունը։
Հայաստանի գլխավոր վտանգը ոչ թե արտաքին ուժերի՝ Սյունիքի նկատմամբ ունեցած շահերն են, այլ այդ շահերի բախման պայմաններում սեփական քաղաքական օրակարգը կորցնելու հավանականությունը։
Փաստացի տեսնում ենք, որ Սյունիքի աշխարհագրական դիրքը, որը Հայաստանի կարևորագույն ռազմավարական առավելություններից էր և վերջին 300 և ավել տարիներին, հանդիսացել է առանցքային հատված, Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա: Այդ առավելությունը վերածվեց ոչ թե պետական ինքնուրույնության և ազգային շահի, այլ դարձավ արտաքին ուժերի պայմանավորվածությունների իրականացման մանրադրամ»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան