Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ո՞ր առաջընթացի մասին է խոսքը». Աննա Կոստանյան

«Ո՞ր առաջընթացի մասին է խոսքը». Աննա Կոստանյան
174
Հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ., 16:12

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում տարածված հայտարարության մեջ մի քանի առանցքային մոտեցնումներ կրկին ի ցույց դրեցին միջազգային հանրության երկակի ու լղոզված մոտեցումները։ Հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրների ղեկավարները «դիտարկել են ստանձնած ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ կատարման ԱՌԱՋԸՆԹԱՑԸ, քննարկել են վերջին շրջանի լարվածությունը և վերահաստատել են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին ամբողջապես հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»։ Հետաքրքիր կլիներ տեղեկանալ հարգարժան ԵԽ նախագահից, թե այդ ո՞ր առաջընթացի մասին է խոսք գնում։ Ինչպե՞ս կարելի է հաստատել, որ Ադրբեջանի պարագայում ստանձնած պարտավորությունների կատարման հարցում որևէ առաջընթաց կա։ Թե՞ նկատի ունի ադրբեջանական զինուժի՝ Արցախի ու Սյունիքի տարբեր հատվածներում վերադիրքավորումն ու առաջխաղացումը։ Այդ մարդուն պետք է տեղեկացնել, որ նոյեմբերի 9-ից հետո միակ առաջխաղացումն ազերի զինվորների կողմից հայակական սուվերեն տարածքներում ու Արցախում ավելի խորք առաջանալն է եղել։

Շատ նրբանկատ ձևով ԵՄ ներկայացուցիչները, և առհասարակ կաղ հայտարարություններ անող պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները, հայ ռազմագերիներին մշտապես կոչում են կա՛մ ձերբալվածներ, կա՛մ կալանավորվածներ, բայց ոչ մի կերպ չեն շեշտադրում պատերազմի կամ ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված անձինք՝ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ, իսկ Հայաստանի կողմից մի կոմպետենտ պաշտոնյա չկա (բացառությամբ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի), որ պահանջի երևույթները կոչել իրենց անուններով՝ ընդ որում հենց միջազգային ընդունված եզրույթներով։ Դժվար չէ հասկանալ, որ այսօրինակ անատամ ձևակերպումները ծուղակ են հետագայում պահանջատիրություն ներկայացնելու տեսանկյունից, և հայկական կողմից գերիների հարցով զբաղվող կազմակերպությունների համար կրկնակի բարդ է լինելու ապացուցել մեր հայրենակիցների՝ ռազմագերու կարգավիճակը, քանի որ գոնե պաշտոնական հայտարարությունների մակարդակում ո՛չ միջազգային հանրությանը, ո՛չ էլ առավել ևս Ադրբեջանին հակադարձող չի եղել։ Չմոռանանք, որ մեր «սիրասուն» հարևանն ամեն առիթ օգտագործում է իր կողմից սանձազերծած պատերազմի հետևանքներն ընդդեմ Հայաստանի ու Արցախի ներկայացնելու համար, ու երբ հերթը կրկին հասնի գերիներին վերադարձնելուն, այդ երկիրն ուղղակիորեն հրաժարվելու է ազատ արձակել նրանց, քանի որ Հայաստանի Հանրապետության կողմից ազդեցիկ պահանջ չի եղել։

ԵԽ նախագահի կողմից արձանագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ արագ շարժվելու՝ երկու երկրների ցանկությունը, սակայն կրկին ոչ մի խոսք չի ասվում միջազգային այն երաշխիքների մասին, որոնք Հայաստանին ու Արցախին կապահովագրեն Ադրբեջանի կողմից բոլոր հնարավոր ագրեսիաներից ու անհեթեթ պահանջներից։

Պետք է պարզասպես կույր կամ հիմար լինել, որ չհասկանաս՝ ոչ մի խաղաղության պայմանագիր, համաձայնագիր կամ հայտարարագիր երբեք չի փրկի մեզ, եթե մի օր Ադրբեջանը որոշեց ամբողջովին կուլ տալ Հայաստանը, ինչի մասին միշտ ու առանց ավելորդ կաշկանդվածության հայտարարում է ամենատարբեր պաշտոնյաների բերանով, էլ չեմ ասում՝ պետական մակարդակում տարվող հակահայ քաղաքականությունն ու ատելության քարոզը։

2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև ս․թ. ապրիլի վերջ պետք է ստեղծվի սահմանային համատեղ հանձնաժողով, որի հանձնառությունն է լինելու երկու կետի շուրջ աշխատանքների իրականացում, մասնավորապես՝

1. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի սահմանազատում,

2. սահմանագծի երկայնքով և ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ կայուն անվտանգային իրադրության ապահովում:

Շատ պրովոկատիվ, երկիմաստ ձևակերպում է 2-րդ կետը՝ ՍԱՀՄԱՆԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ԵՎ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ։

Բնականաբար այս ձևակերպման մանրամասները, ըստ երևույթին, կհստակեցվեն ձևավորվելիք հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգերում, ու թե ինչ նկատի կունենան «մերձակայք» ձևակերպման տակ, պարզ կլինի արդեն պոստֆակտում․ գուցե մերձակայք կնշանակի Արցախի՝ դեռևս հայկական վերահսկողության տակ մնացած կամ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները, կամ երկուսն էլ միասին»:

Աղբյուրը`   Աննա Կոստանյան