«Մեկը լսի, պիտի մտածի՝ սրանք բոլոր պարերը պարել են, գերիներին վերադարձրել են, սահմանները՝ ամրապնդել»․ Լ․ Բարսեղյան
257
Կիրակի, 10 հուլիսի, 2022 թ., 20:12
«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Խարիսխ գցելու նուրբ տգիտությունը Մի հին անեկդոտ կա, լսած կլինեք: Երբ մեկի տղեն երկար ժամանակ թափառելուց հետո տուն է գալիս, մազերը մի տեսակ ներկած, հոնքեր պոպկած, մակիյաժով, մանիկյուրով, զուգագուլպաներով-շպիլկեքով, ականջին էլ՝ ականջօղ: Հերը նայում, նայում, կատաղած ասում է՝ էս վիճակդ ի՞նչ է այ տղա, դու քեզ հայելու մեջ տեսել ե՞ս ... տղեն էլ փորձում է արդարանալ, թե բա.- Այ հեր, ընչի՞ ես ջղայնանում, օրինակ ծովահենները ականջներին օղ ունեին ... Հերն ասում է՝ հասկացա, տղա՛ ջան, հմի, որ լուսամուտից նայեցի՝ առագաստանավդ պաձեզդի դեմը կանգնած չեղավ, տիրոջդ մերը կք...: Հմի, որ հանկարծ պարզվեց ՀՀ պաշտպանական համակարգերը Հատիսի վրա մեծապատիվ կառավարության ու գերաշնորհ և վերապետվելի Ծառուկյանի հիմարագույն հարձակման պահին այն մակարդակին չեղավ, որ Ալիևը լաց լինի, էդ հարձակման նախաձեռնող ու հաստատող պետական այրերին ինչ պիտի արվի, ասեք՝ հասկանանք, մի մարդասիրական խորհուրդ տվեք: Մեկը, մի ֆիլիպինցի կամ հեռու չգնանք՝ քուրդ ազատամարտիկ Թունջելի գավառի սարերում լսի էս ամենը, պիտի արդարացիորեն մտածի, որ սրանք բոլոր պարերը հանգամանորեն պարել են՝ գերիներին վերադարձրել են, սահմանները այնպես են ամրապնդել ու զինվել, որ Հեյդարի ձագը զորքերը հավաքում տանում է մեր տարածքներից, բոլոր երեխաները համահավասար պայմաններով գնում են մանկապարտեզ՝ որ սարի գլխին էլ ապրելիս լինեն, դպրոցներում բոլորը գրել-կարդալ գիտեն արդեն, կրկնուսույցներ այլևս չկան Հայաստանում, բայրաքթարցիք գալիս են ռազմատնտեսական հետախուզության, բայց գերի են ընկնում ու մեր նկուղներում արդեն մեզ համար են գծագիր անում, դատավորներից հանցագործները մեղայականներով ներկայացել են դատախազություն, դատախազությունը մեղայականով ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտեն մեղայականով ներկայացել է ԱԱԾ, ԱԱԾ ինքնալյուստրացիայով տեղեկացնում է, որ Լուբյանկայից ռոճիկ չեն ստացել միայն հավաքարարները և փականագործները, տասնամյակներով դպրոցի տնօրենի, համայնքապետի, մարզպետարանի աշխատողների, համատիրությունների նախագահի պաշտոնների ու գործերի հետ տասովչիկի մասնագիտություն ձեռք բերած անասունները, վերջապես հրաժարական են տվել ու մոխիր են ածում գլխներին երկիրն ու մարդկանց քաքմեջ անելու համար, Հայաստանից քերած 10 մլրդ դոլարը բարեհաջող ետ բերվել ու երկրի զարգացման վրա է դրվել, ու հերթը եկել, եկել, նայել են՝ ինչ կա պակաս, որ չի արվել հազարամյա իղձերի շարքից, եկել-հասել է սարի գլխին արձան դնելուն: Բա չդնե՞ն: Էդքան բանն անելուց հետո վայթե ես էլ գնամ բետոն լցնեմ էդ արձանի հիմքերում, որ սարի գլխին ուզում է դնեն, վայթե ասեմ՝ եկեք տանս վրա դրեք, ես դրսում, մայթերին կքնեմ, ես ձեր հավատացյալ, չափալախյալ, անագորույն ու ապաշխարհած ցա՜վը տանեմ անկասկած ու անկսկիծ ..... Հիմարությունը սահման չունի, հազար անգամ ասվել է սա: Մարդ կա, չի հավատում, որ այդպես է: Ով սկսում է այդ սահմանը որոնել, որոշում է էս համազգային անհաղթահարելի դարդերի մեջ սարի գլխին արձան դնել: Ով որոշում է հիմարության սահմանը գտնել, գործ չպիտի ունենա կառավարման, գիտության, արդարության, իմաստնության հետ: Ինչքան սնանկ ու ողորմելի պիտի լինի մեր ազգային կամ ժողովրդական միտքը, որ սարի գլխին սրբի արձան դնելու հարցը գնա հասնի կառավարության նիստի, էն բնության հուշարձան-բան, երկրորդական են այս ողբերգության համատեքստում: Դժվար էր, հա՞, ասել՝ տար տանդ բակում դիր, ա՛յ մարդ, հետո՞ ինչ, որ խնամի ես, կրակը չենք ընկել կրթությանդ ու արժեհամակարգիդ ձեռը ... Մտածում եմ, լավ գոնե տեսնես կառավարական տան բակում առագաստանավ կա՞, թե՞ չկա, եթե չկա, մարդ ես, ռազմավարական նկատառումներով խոցելի տեղում չեն խարիսխ գցել, տեսնես, ո՞ր սարի գլխին են աջ քաշել կանգնեցրել էդ նավը»: