Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Փոփոխություն է կատարվել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կանոնակարգում

Փոփոխություն է կատարվել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կանոնակարգում
345
Չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ., 00:06

Ուսուցիչների պակասով պայմանավորված՝ փոփոխություն է կատարվել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կանոնակարգում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս, ինչպես նաև կրթական համակարգի մի շարք այլ նորություններ՝ օրենսդրական, վարչարարական փոփոխություններ, փորձարկվող կրթական նոր չափորոշիչներ, առաջին անգամ անցկացվող՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման գործընթաց, ֆինանսավորման կարգի փոփոխություններ և այլն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պատասխանատուները ներկայացրեցին օգոստոսի 30-ին Գյումրիում կայացած տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ:
Շիրակի մարզի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշեց, որ այս տարի մեկ այլ փոփոխություն էլ կիրականացվի դպրոցների կառավարման համակարգում. ուսումնական մասը կառանձնացվի վարչատնտեսական մասից: Ուսումնական մասի պատասխանատուն լինելու է տնօրենը: Նա բացառապես այդ աշխատանքով է զբաղված լինելու: Վարչատնտեսական հատվածի լիազորությունները կպատվիրակվեն իրավաբանական անձի: «Նոր համակարգի անցումը կլինի հետևյալ կերպ. այն մրցույթները, որոնք կհայտարարվեն մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը, այդ դպրոցներում կգործեն հին կարգավորումները: Այն դպրոցները, որոնց տնօրենի թափուր տեղի մրցույթը կհայտարարվի սկսած հունվարի առաջին օրվանից, կգործի կառավարման նոր համակարգը: Մեր հաշվարկներով՝ դա մոտավորապես ապրիլի 13-ից հետո պաշտոնավարման ժամկետը լրացող տնօրեններին է վերաբերում: Շուրջ 110 դպրոցի մասին է խոսքը: Սա հնարավորություն կտա նաև, որ մենք այդ անցման ժամանակ գործընթացը փորձարկելու հնարավորություն ունենանք և աստիճանաբար ներդրման ընթացքում առաջացող խնդիրները լուծենք, որպեսզի խուսափենք ավելի մասշտաբային խնդիրներից»,-տեղեկացրեց Արսեն Բաղդասարյանը:
Հանրապետությունում ուսուցիչների պակաս կա: Պայմանավորված այս հանգամանքով, փոփոխություն է կատարվել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կանոնակարգում: Նոր դրույթ է ավելացել, համաձայն որի, եթե մեկ անգամ հայտարարվում է մրցույթ, և այդ տեղը չի լրացվում համապատասխան որակավորում ունեցող մասնագետով, ապա երկրորդ անգամ մրցույթին կարող է մասնակցել նաև տվյալ առարկայի մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող անձը, որը չունի մանկավարժի որակավորում, սակայն նախարարության կողմից երաշխավորված կազմակերպության կամ բուհի ծրագրով մասնակցել է դասընթացների և ձեռք բերել մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտությունները:


Խոսվեց նաև վերջերս անընդհատ քննարկվող մեկ փոփոխության մասին՝ երբ կարող է վարչական աշխատողը դասավանդել: «Երբ տվյալ առարկայի ուսուցիչներն առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածություն ունեն և առկա են թափուր տեղեր, դրանց համար հայտարարվում է առնվազն երկու մրցույթ, որպեսզի առաջին մրցույթի ժամանակ հնարավորություն ունենա մասնակցել տվյալ որակավորումն ունեցող անձը, երկրորդի ժամանակ՝ 30 կրեդիտ ունեցող անձը: Այդ մրցույթների արդյունքում, եթե չի լինում համալրում, այդ դեպքում նոր վարչական աշխատողը կարող է դասավանդել այդ ազատ ժամերը»,- բացատրեց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը:

Անդրադարձ եղավ նաև կենսաթոշակային տարիքի ուսուցիչների աշխատանքի շարունակությունն ապահովելու, ինչպես նաև աշխատանքից ազատման հիմքերին:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նախարարության պատասխանատուի պարզաբանումները տեղին ու ժամանակին համարեց: Մարզպետը նաև տեղեկացրեց, որ այս ժամանակահատվածում որոշ դպրոցներում աուդիտորական ուսումնասիրություններ են անցկացվել: Պարզվել է, որ բոլոր դպրոցներում առկա են նույնաբովանդակ թերացումներ: Դպրոցները կաղում են գնումների գործընթացներում և, ընդհանրապես, այն հարցերում, որոնք վերաբերում են հաշվապահական գործընթացին: «Դպրոցներում հաշվապահները հիմնականում տարիքով ավելի ավագ անձինք են, կենսաթոշակային տարիքի, երբեմն ավելի բարձր, որոնք նոր համակարգերին ու մոտեցումներին այնքան էլ չեն տիրապետում: Չեմ ուզում իմ գնահատականը կատեգորիկ հնչի, բայց այստեղ ևս պետք է գնալ ճիշտ ուղով, որպեսզի խնդիրներ չծագեն: 3 տասնյակից ավելի դպրոցներում արդեն ուսումնասիրություններն ավարտել ենք»,-ասաց մարզպետը:

Երկրորդ խնդիրը, որն արձանագրվել է դպրոցներում, մարզպետարանը, որպես լիազոր մարմին, պարտավորվել է անմիջական վերահսկողության տակ վերցել: Խնդիրը կապված է դպրոցներում առանձին խմբակների գոյության, առանց մարզպետարանի հետ համաձայնեցնելու դպրոցների տարածքները վարձավճարով կամ անվարձահատույց տրամադրելու հետ:

Նազելի Բաղդասարյանը վստահեցրեց, որ խստիվ հետևելու են, որ դպրոցներում ինչ-որ խմբակներ, երբեմն անհայտ ծագման, երբեմն խնդրահարույց, չգործեն, ավելին՝ դպրոցներում ձեռնարկատիրական գործունեություն չծավալվի: Շիրակի մարզում մինչև տարեվերջ 83 դպրոցի տնօրենի մրցույթ է անցկացվելու, որից 56-ն արդեն կայացել են: Ինչո՞ւ է թիվն այդքան մեծ: Պատճառն, ըստ մարզպետի, այն է, որ նախորդ ժամանակահատվածում կառավարման խորհուրդները ձևավորված չեն եղել 2-3 տարի, և դրանք ձևավորվել են իր պաշտոնավարումից անմիջապես հետո: Նազելի Բաղդասարյանը վստահ ընդգծեց. որևէ դպրոցում տնօրենի ընտրություն խնդիր չի առաջացրել: Գործընթացը առավելագույնս թափանցիկ է: «Ուզում եմ արձանագրել մեկ հանգամանք, որ որևէ դպրոցից բողոք չունենք, մարզպետը չունի միջամտություն: Նաև ընտրված ու վերընտրված տնօրենները կփաստեն, որ իրենց հետ իմ առաջին հանդիպումը կայանում է ընտրությունից հետո, երբ շնորհավորում եմ:Նախկինում արատավոր ընթացք էր, բոլորը շատ լավ գիտեն, թե ինչպես է տնօրենի ընտրությունը եղել տարբեր տարիներին: Նրանք, որոնք վերընտրվել են, գիտեն, թե ինչպես էին նախկինում ընտրվում»,- հայտարարեց Շիրակի մարզպետը:

Նազելի Բաղդասարյանը դպրոցների տնօրեններին հորդորեց աշակերտներին վերաբերվել որպես արժանապատիվ քաղաքացու․ «Թեկուզ այն բացը, որը հնարավոր է լինի ընտանիքներում, դպրոցը պարտավոր է լրացնել։ Եվ մենք ազատ մտածող, իրավագիտակից, պատասխանատու, հայրենասեր քաղաքացի կերտելու մեծ առաքելություն ունենք։ Շատ եմ ուզում, որ ուշադրություն դարձնեք դպրոցական միջավայրում անհանդուրժողականության դրսեւորումներին, որոնք հատկապես վերջին տարիներին նկատելի են, այլ կերպ ասած, բուլինգ ասվածին, որը դպրոցներում պարբերաբար նկատում ենք։ Ես խնդրում եմ ուսուցչական անձնակազմին, դպրոցների տնօրեններին հետեւողական լինել, որպեսզի որեւէ աշակերտ խտրական վերաբերմունքի չարժանանա՝ անկախ իր սոցիալական կարգավիճակից, մոտեցումներից, ընդհուպ՝ կրոնական համոզմունքներից, չփորձեք որեւէ աշակերտի առանձնացնել»։