Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ժամանակին ադրբեջանցիները հենց ծնելիության բարձր աճի շնորհիվ «ադրբեջանացրեցին» Ակնան». Վահե Գրիգորյան

«Ժամանակին ադրբեջանցիները հենց ծնելիության բարձր աճի շնորհիվ «ադրբեջանացրեցին» Ակնան». Վահե Գրիգորյան
233
Կիրակի, 04 սեպտեմբերի, 2022 թ., 23:36

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Ոչ պոպուլյար միտք եմ ասելու, բայց ճշմարտությունը ու հաջողության բանալին հենց այստեղ է:
Անկախ Արցախի հետագա ճակատագրից ու անգամ թշնամու կազմում հայտնվելու տեսական հնարավորությունից, որը չի բացառվում այս իշխանությունների կողմից՝ Արցախը պետք է վերաբնակեցվի հայերով ու խիստ ցանկալի է, որ նրանք լինեն նախկին ԼՂԻՄ բնակիչների ժառանգներ. ընդ որում, Հայաստանից ու Սփյուռքից հատկացվող հատուկ ծրագրերի միջոցով պետք է էապես խթանել ծնելիությունն Արցախում Հայության շրջանում. ամեն ընտանիք պետք է առնվազն 4-5 զավակ ունենա:
Անգամ եթե «խաղաղության» պայմանագիր էլ ստորագրվի, ապա Արցախը պետք է վերաբնակեցվի, ընդ որում խոսքը գնում է նախապատերազմական Արցախի տարածքի մասին:
Նման պայմաններում 30-40 տարի հետո Արցախում Հայ բնակչության թիվը ոչ թե 2, այլ 4-5 անգամ կգերազանցի այլազգիների թվին և Արցախի հարցը ինքնուրույն ու հեշտությամբ կլուծվի:
Ծնելիությունը իրական զենք է. Ճապոնիայի կողմից ոչնչացված Չինաստանը ու նախկին գաղութ Հնդկաստանը այսօր աշխարհում ամենալուրջ խաղացողներն են, որովհետև ունեն հսկայական թվով Ազգային բնակչություն: Ոչ ոք այսօր թուրքիայից չի պահանջում վերադարձնել Բյուզանդական հողերը ու վերադառնալ Միջին Ասիա, որովհետև բարձր ծնելիությունը ժամանակին ամեն ինչ լեգիտիմացրել է, ինչպես և թշնամին է ժամանակին վարվել Արցախի առնվազն 7 շրջանների հետ:
Ժամանակին ադրբեջանցիները հենց ծնելիության բարձր աճի շնորհիվ «ադրբեջանացրեցին» Ակնան՝ Աղդամը, ուր ի սկզբանե կար 10-12 Հայ ընտանիք և ընդամենը 2-3՝ թաթարական:
Նույն ճանապարհով անցավ նաև Քելբաջար դարձած Քարվաճառը (տե'ս՝ «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով». Թոմաս դե Վաալ):
Ծնելիության բարձր տեմպի ապահովման պայմաններում Ղարաբաղն, ըստ էության մասնատվեց Հայկական՝ ԼՂԻՄ ու թաթարական հատվածների՝ 7 շրջաններ ու աշխարհն էլ, ըստ այդմ, սկսեց նախապատերազմական Արցախը բաժանել երկու մասի՝ մի մասը համարելով վիճելի, բայց Հայկական՝ ԼՂԻՄ-ը, իսկ մյուս մասը անվերապահորեն ճանաչելով թշնամու պետության մաս:
Շուշին միակն էր ԼՂԻՄ-ում, ուր թշնամին ծնելիության շնորհիվ չէր հասել բնակչության ավելի մեծ թվի, այլ 1920-ական թվականների կոտորածի միջոցով կտրուկ կրճատել էր Հայության թիվը:
Հիմա, երբ ունենք այսպիսի իշխանություն, ապա Հայության առաջնային ծրագիրը պետք է լինի ցանկացած միջոցով և ցանկացած ելքի պարագայում ապահովել Արցախում Հայության ներգաղթ ու ծնելիության կտրուկ աճ, ինչը հնարավորություն կտա 30-40 տարի հետո կրկին ազատագրել գերազանցապես Հայկական բնակչություն ունեցող Արցախը:
Ասածիս վառ ապացույցը այն է, որ անգամ պատերազմի ժամանակ մի դիրք թշնամուց «մաքրել» կարելի է ընդամենը 1-2 թիրախային արկակոծության միջոցով, այսինքն մեկ զինվորն էլ կարող է մի ամբողջ դիրք մաքրել, բայց այդ դիրքերը պահելու համար անհրաժեշտ են շատ զինվորներ:
Ես բանաձևը ներկայացրեցի. սրա իրականացման համար, իհարկե, ռեսուրսներ են անհրաժեշտ, որոնք Ես, ցավոք սրտի, չունեմ:
Շնորհակալություն ըմբռնման ու պրագմատիզմի համար»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան