Ազգային ժողովն ընդունեց կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից հետո նախարարությունը սերտորեն համագործակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին կազմակերպվել է ծրագրի հանրային լսում, որն, ըստ նախարար Դումանյանի, արդյունավետ է եղել:
«Պատգամավորների և մեր կողմից ներկայացված առաջարկները համատեղ մանրամասն քննարկվել են, ինչի արդյունքում նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Հանձնաժողովի հետ աշխատանքների արդյունքում, կարծում եմ, ծրագիրը զգալիորեն բարելավվել է:
Կրթությունն այն ոլորտն է, որն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը, նպաստելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, օգնելու մեր երիտասարդներին ունենալու բարեկեցիկ և արժանապատիվ կյանք սեփական երկրում»,- ասել է Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» շահառուների կողմից երկար սպասված փաստաթուղթ է և հանդիսանալու է առաջիկա տարիների հիմնական ռազմավարական ուղենիշ՝ ուղղորդելով և համակարգելով ոլորտի հետագա բարեփոխումներն ու զարգացման ծրագրերը:
Հաջորդաբար ընդունվելու է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրագործման գործողությունների և միջոցառումների պլանն ու ժամանակացույցը: Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ սկսվել են ծրագրից բխող գործողությունների պլանի մշակման աշխատանքները, և այն շուտով կդրվի հանրային քննարկման. «Հուսով եմ՝ այդ փաստաթղթի շուրջ մենք նույնպես հնարավորություն կունենանք համագործակցելու»:
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը մշակվել է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում:
Ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն:
Շեշտադրված կարևոր խնդիրներից է կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը՝ բարելավելով Հայաստանի դիրքը գլոբալ կրթական համակարգում:
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» նախատեսում է նաև էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ: Այս նպատակադրման համար նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման, կրթության-գիտության փոխգործակցության խթանման միջոցառումներ։ Նախատեսվում է, որ Հայաստանի առնվազն չորս բուհեր մինչև 2030 թ. կընդգրկվեն միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը:
Նախատեսվում է առաջիկա 8 տարվա ընթացքում կտրուկ ավելացնել հայաստանյան բուհերում սովորող ուսանողների թիվը: Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման պահանջներ՝ ըստ ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման համակարգի, ուսանող-դասախոս հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ: Նախատեսվում են հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում, ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզվով դասավանդվող կրթական ծրագրերի որակի բարելավում:
Նախադպրոցական կրթության առաջնային խնդիրը, ըստ նոր ռազմավարության, 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը ընդգրկվածության ապահովումն է նախադպրոցական ծրագրերում. նախքան դպրոց ընդունվելն առնվազն մեկ տարի երեխան պետք է հաճախի մանկապարտեզ:
Այսպիսով, փաստաթղթի կարևոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների՝ առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը և արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների ու ենթակառուցվածքների բարելավմանը, թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և այլ լաբորատորիաների, գրադարանների նորարարական ոճով կահավորմանը:
Ծրագիրը մշակվել է ընդգրկուն, մասնակցային փուլերով՝ անցնելով հանրային քննարկումների տևական փուլ, ներառելով ոլորտի շահառուներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին:

«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
95Երեկ, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
136Երեկ, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
195Երեկ, 00:06
«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան
19429.09.2026, 20:36
«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
28228.09.2026, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
65024.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
70523.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
90819.09.2026, 21:54