Բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով. կան թերակատարումներ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. առաջին 9 ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպես՝ 2022թ.-ի 9 ամիսներին հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է զսպող, նախապես պլանավորված չեզոքի փոխարեն։ Թեև տնտեսության ներկայիս «գերտաքացման» պայմաններում զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը արդարացված է, այնուամենայնիվ անհրաժեշտ է ծայրաստիճան զգույշ լինել, քանի որ նման քաղաքականության իրականացումը սովորաբար առաջին հերթին զսպող ազդեցություն է ունենում սպառման և ներդրումների վրա, որոնց կրճատումը կարող է վտանգավոր ազդեցություն թողնել տնտեսության վրա։
Պետական բյուջեի եկամուտների գերակատարման և ծախսերի թերակատարման արդյունքում 2022թ.-ի 9 ամիսների արդյունքներով ձևավորվել է պետական բյուջեի հավելուրդ՝ պլանավորված պակասուրդի փոխարեն։ Պետական բյուջեի ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են։ Թերակատարվել են թե՛ ընթացիկ, և թե՛ կապիտալ ծախսերը։ Թերակատարման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են:
Թերակատարումներ են արձանագրվել պատասխանատու բոլոր մարմինների ծրագրերի գծով: Այսինքն՝ չնայած այն փաստին, որ բյուջեով գումարը նախատեսվում և հատկացվում է, ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչը, թերևս, վկայում է պետական մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի մասին: Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ և սահմանված ժամկետում կատարելու հանձնառության ապահովման անընդունակության արդյունք է։
Կասկածից վեր է, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի հաշվին: Ավելին, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի պայմաններում, խիստ անհրաժեշտ է, որ կառավարությունը նպաստի առաջարկի ավելացմանը, ինչի լավագույն միջոցներից մեկը հենց նպատակային կապիտալ ծախսեր կատարելն է: Թերակատարման պատճառներից առանձնահատուկ պետք է նշել այն, որ շատ հաճախ, բյուջեով պլանավորվում են բավական անիրատեսական (կամ առնվազն՝ իրականացման առումով ոչ բավարար չափով հիմնավորված) ցուցանիշներ:
Ընդ որում, այս դիտարկումը տեղին է ինչպես նախորդ տարիների պետական բյուջեների, այնպես էլ անգամ 2023թ. պետական բյուջեի նախագծի դեպքում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պարզապես բյուջեին «ականջահաճոյություն» հաղորդելու համար դրանում ի սկզբանե պլանավորվում են անիրատեսական ցուցանիշներ, իսկ հետագայում՝ տարվա ընթացքում, կառավարությունը դրանք իրականացնելու ուղղությամբ բավարար գործնական քայլեր չի ձեռնարկում:
Ներկա իշխանության բոլոր տարիների համար տխուր ավանդույթ է դարձել բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի թերակատարումը։ Փաստացիորեն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով։

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
239Երեկ, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
267Երեկ, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
132Երեկ, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
22220.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
77418.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
78918.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
49917.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
45117.09.2026, 15:12