Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Փաշինյանին ամենայն եռանդով կկալանավորեի, եթե Վանեցյանը ներկայացներ փաստ հանցագործության մասին»․ Արթուր Դավթյան

«Փաշինյանին ամենայն եռանդով կկալանավորեի, եթե Վանեցյանը ներկայացներ փաստ հանցագործության մասին»․ Արթուր Դավթյան
240
Այսօր, 00:06

«Մինչև իմ պաշտոնավարման ավարտի օրը՝ 2022թ․ սեպտեմբերի 14-ը, Նիկոլ Փաշինյանն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել»,- այս մասին «24Նյուզ»-ի եթերում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ երբ Արթուր Վանեցյանին հարցրել են, թե ինչու որպես ԱԱԾ ղեկավար գործողություն չի իրականացրել, եթե տեսել է, որ Նիկոլ Փաշինյանը իրավիճակը տանում է դեպի պետական դավաճանություն, նա հայտարարել է՝ «կարող էի քրեական գործ հարուցել և ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, բայց դատախազ Արթուր Դավթյանը մի ստորագրությամբ՝ Փաշինյանին ազատ կարձակեր, մյուս ստորագրությամբ՝ ինձ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով կտաներ կալանավորման», Արթուր Դավթյանը նշել է․ «Ես շատ զարմացել եմ ԱԱԾ տնօրենի, գեներալի այդպիսի մեկնաբանությունից։ Այսինքն՝ ստացվում է, որ Արթուր Վանեցյանն ուներ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցագործության կատարման փաստ․․․ Ես այդպիսի տեղեկություններ ո՛չ տեսել եմ, ո՛չ Վանեցյանի կողմից ինձ բանավոր հաղորդվել է։ Այսինքն՝ նա իր այդ տեղեկություններին պաշտոնական ընթացք չի տվել միայն այն պատճառով, որ դատախազը իրեն կձերբակալե՞ր․․․ Դեռ ուշացած չէ, թող այսօր ասի Վանեցյանը՝ ի՞նչ հանցագործության մասին ուներ տեղեկություններ, որոնք թղթին չեն հանձնվել, որոնց պաշտոնական ընթացք չի տրվել․․․»։ Հարցին՝ եթե Վանեցյանը ներկայացներ փաստ, որ Նիկոլ Փաշինյանը օրենք է խախտել, կգնայի՞ք այդ քայլին՝ կկալանավորեի՞ք նրան, Դավթյանն արձագանքել է․ «Ակնհայտորեն, ես պարտավոր էի դա անել և այդ պարտավորությունս կիրականացնեի ամենայն պատասխանատվությամբ ու ամենայն եռանդով»։

Արթուր Դավթյանի հարցազրույցը