«Որևէ թղթին որևէ մեկի «հավատարմությունը» պայմանավորվում է ուժային բալանսով». Հակոբ Բադալյան
230
Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 00:54
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Երբ խոսում եմ այն մասին, որ նոյեմբերի 9-ի թուղթը միակն է, որով Ադրբեջանն ունի Ալիեւի ստորագրությամբ սահմանած որոշակի պարտավորություն ու պատասխաննատվություն, դա բոլորովին չի նշանակում, որ Ադրբեջանը հավատարիմ է դրան: Որեւէ թղթի որեւէ մեկի «հավատարմությունը» պայմանավորվում է ուժային բալանսով: Այսօր այն այնպիսին է, ընդ որում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան տիրույթում, որ Բաքվին տալիս է պարտավորություններից խուսափելու հնարավորություն: Բայց, երբ չկա ուժային անհրաժեշտ, օպտիմալ բալանսը, այդ թղթային «բալանսը» նվազագույնն է, որ անհրաժեշտ է պահել, քանի որ թույլ կողմի համար դա գոնե ոտնատեղ է, որոշշակի հենման կետ: Երեւանը գործնականում հենց այդպես է մոտեցել նաեւ մադրիդյան սկզբունքներ ասվածին, շատ լավ պատկերացնելով, որ գործնականում աշխատողը ոչ թե դրանք են, այլ ուժերի բալանսը: Այլ հարց է, որ Հայաստանը տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ վարել է քաղաքականություն, որը գործնականում խորացրել է ուժերի տարբերությունը: Վերադառնալով նոյեմբերի 9-ին, հարկ է նկատել, որ դրանով պարտավորություն ունի նաեւ Հայաստանը: Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է իրականացնել 9-րդ կետով ստանձնած իր պարտավորությունը, բայց «մտքում» թերեւս ակնկալում է խուսափել դրանից եւ «կտրել» արցախյան հարցի, Լաչինի միջանցքի եւ հաղորդուղիների ապաշրջափակման կապը: Վախենամ, որ այդ կապը կտրելը ձեռնտու չէ ոչ մեկին՝ Հայաստանից բացի: Ուրիշ ոչ մեկին: Խաղալը՝ խաղում են իհարկե բոլորը, բայց գործնականում հասնել այդպիսի վիճակի, երբ չկա այդ երկու ուղղությունների միջեւ որեւէ ուղիղ կապ, ձեռնտու չէ ոչ մեկին: Եվ բացատրեմ, թե ինչու եմ կարծում այդպես: Որովհետեւ սյունիքի կոմունիկացիոն նշանակությունը շարունակում է լինել Կովկասի հանդեպ աշխարհաքաղաքական հետաքրքրության առանցքը, առնվազն մի պարզ պատճառով՝ Իրան: Հետեւաբար, հազիվ թե որեւէ մեկը շահագրգռված լինի այդ առանցքի հարցում ինքն իրեն զրկել մանեւրի հնարավորությունից: Իսկ «ձեռքի տակ» եղած առաջինն ու ամենամոտը բնականաբար ղարաբաղյան խնդիրն է: Հետեւաբար կարծում եմ, որ ոչ ոք շահագրգռված չէ դրա գործնական կարգավորմամբ, բոլորի նպատակը կառավարումն է, կամ առնվազն՝ որեւէ մեկին այդ հարցում խանգարելը, խնդիրներ ստեղծելը, ու այդով՝ Սյունիք-Իրանի հարցում լռելյայն կամ բարձրաձայն խաղալը: Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մյուս բոլոր դերակատարները այդ խաղում ներգրավված են ինստիտուցիոնալ լրջագույն մակարդակով, ընդ որում երբեմն նույնիսկ հենց սեփական ինստիտուտների միջեւ մրցակցությամբ, տարբեր մոտեցումներով ու սցենարներով, իսկ Հայաստանը մոտ երեք տասնամյակ այդ բարդ հանգույցում շարունակում է ելքեր փնտրել անհատների, կամ առավելագույնը՝ խմբերի մակարդակով, որոնց երբեմն նաեւ անվանում ենք կուսակցություն»: