Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մենք այն քիչ ազգերից ենք, որն ունի անդրազգային ցանցային ազգ ձևավորելու կրիտիկական ներուժ». Արթուր Ղազինյան

«Մենք այն քիչ ազգերից ենք, որն ունի անդրազգային ցանցային ազգ ձևավորելու կրիտիկական ներուժ». Արթուր Ղազինյան
252
Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 00:06

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Հայկական կայսրությունների վերելքի և անկման պատմությունը փաստում է, որ սահմանը կարծրացած ու անփոփոխ կատեգորիա չէ և ենթակա է փոփոխման որոշակի գործընթացների ու հանգամանքների հետևանքով։ Ֆիզիկական սահմաններն ընդամենը պետության ծայրամասային օրգան են, որը վկայում է ազգային օրգանիզմի աճի, հզորության, թուլության կամ անկման մասին։
Ժողովուրդը պետք է ունենա իրական սահմանի ընկալումը, որը գծված է այստեղ և հիմա։ Բայց Հայ ազգը և յուրաքանչյուր Հայ մարդ պետք է ունենա նաև մշտական «սահմանի զգացում», որն արտացոլում է միասնական գերհավակնությունները։
Այսօր մենք զրկված ենք մեր ֆիզիկական տարածության զգալի մասից, սակայն դա մեզ չպետք է զրկի այդ տարածքի նկատմամբ հավակնություններից։ Այո, մենք զրկված ենք լայնարձակ տարածքներից և բնական ռեսուրսներից, բայց հենց մենք ունենք բացառիկ գործիքներ, որոնք նոր աշխարհի և նոր աշխարհակարգի շրջանակներում աննախադեպ հնարավորություններ են ստեղծում։
Այսօր մենք այն քիչ ազգերից ենք, որն ունի անդրազգային ցանցային ազգ ձևավորելու կրիտիկական ներուժ, ինչը վերջնականապես պետք է միավորի հայկական ատլանտյան և հայկական եվրասիական աշխարհների ողջ ուժն ու հզորությունը։
Մինչ օրս այդ աշխարհները որպես գործիքներ ծառայեցվել և օգտագործվել են տարբեր ուժային կենտրոնների և կազմակերպությունների կողմից և չեն ծառայել Հայկական շահերին: Դրանք համակարգելու և հայկական շահին ծառայեցնելու համար անհրաժեշտ է բարեփոխել այս իրողությունները և նոր ձևավորվող G-2 ճարտարապետության շրջանակներում դառնալ կարևոր տարր:
Հաջողության հասնելու համար պետք է դուրս գալ տեղական ճահիճից և սկսել մտածել և գործել գլոբալ կատեգորիաներով, քանզի այն, ինչ մեր հետ տեղի է ունենում այսօր, ոչ այլ ինչ է, քան նոր աշխարհակարգի ձևավորման գլոբալ գործընթացների և պայմանավորվածությունների հետևանք»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան