Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Թուրքիայի ՊՆ նախարարը ցանկանում է փոխարինել Էրդողանին. Արցախի հարցով իր ելույթներն այդ պատճառով են». Ռուբեն Սաֆրաստյան

«Թուրքիայի ՊՆ նախարարը ցանկանում է փոխարինել Էրդողանին. Արցախի հարցով իր ելույթներն այդ պատճառով են». Ռուբեն Սաֆրաստյան
291
Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 20:24

Թուրքիայում խոսակցություններ կան, որ Հուլուսի Աքարը կարող է Էրդողանից հետո լինել երկրի ղեկավարը, դա է գուցե քաղաքական հայտարարությունների պատճառը։ Այս մասին «24Նյուզ»-ին ասել է ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլիսի Աքարի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով մեղադրանքներին՝ ուղղված միջազգային հանրությանը։

Պրոֆեսոր Սաֆրաստյանի խոսքերով, Աքարի՝ Թուրքիայի ղեկավար դառնալու խոսակցությունները հիմք ունեն․ «Հուլուսի Աքարը պարբերաբար հայտարարություններ է անում քաղաքական հարցերով, որոնք կապ չունեն ռազմական ոլորտի հետ։ Վերջին հայտարարությունները՝ կապված Արցախի հիմնահարցի հետ, քաղաքական բնույթի են։ Եվ դա վկայում է այն մասին, որ այո´, նա հավակնում է Թուրքիայի հաջորդ ղեկավարի դերը ստանձնել»։
«Ադրբեջանը զգալի հարված է ստացել, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվեց Լաչինի միջանցքի փակման հարցը։ Եվ դա, կարծում եմ, Թուրքիայի և Ադրբեջանի համար անսպասելի հարված էր։ Աքարի այս հայտարարության մեջ տեսնում եմ քննադատություն՝ ուղղված միջազգային կազմակերպություններին»,- հավելել է ակադեմիկոսը։

Արևելագետն ընդգծեց, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է՝ պատրաստվում է 4-րդ ռազմական գործողությունն իրականացնել՝ օկուպացնել Սիրիայի հյուսիսային տարածքի զգալի մասը։ Եվ պատահական չէ՝ Աքարը հենց սահմանին է այդ հայտարարությունն անում՝ ցույց տալով, որ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը Թուրքիային չեն հետաքրքրում», - եզրափակել է Ռուբեն Սաֆրաստյանը։
Կիրակի օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, այցելելով թուրք-սիրիական սահման, հայտարարել էր, որ «որոշ երկրներ ադրբեջանա-հայկական հարցում ոչ օբյեկտիվ և կանխակալ հայտարարություններ» են անում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: