«2023-ն ավելի բարդ և ծանր տարի է լինելու ՀՀ-ի համար, քան 2020-նն էր». Ս. Հայրապետյան
280
Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 00:54
2023 թվականը բավականին բարդ և ծանր տարի է լինելու ՀՀ-ի համար, ավելի ծանր քան 2020-նն էր: Ռուսաստանի Դաշնությունն արդեն չի էլ թաքցնում, որ պատրաստվում է ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրել ադրբեջանին։ Հիմա կարդալով շատերդ ձեր մտքում կասեք՝ «բայց ՌԴ-ն ո՞վ է, որ մեր երկրի տարածքով միջանցք տրամադրի» բայց հավատացեք, որ դրանից իրականությունը չի փոխվի։ Ներկա պահին ՀՀ-ի ներսում բավականին լարված մթնոլորտ է տիրում ու այսքան պառակտված երևի թե մեկ էլ 1920 թվականի դեկտեմբերին էինք, երբ Ռուսական զորքը մտավ Երևան ու զրկեց մեզ մեր ինքնիշխանությունից, սուվերենությունից և հանրապետություն կոչվելուց ու հենց 1920 թվականի դեկտեմբերին տապալվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Ռուսաստանի Դաշնությունն արդեն չի էլ թաքցնում, որ պատրաստվում է նույնանման սցենար մշակել մեզ համար ու այս մասով ՀՀ պաշտոնական մակարդակով արդեն իսկ խոսվել է՝ ԱԽ քարտուղարի կողմից։ Հիմա ավելի քան երբևէ Ռուսաստանի համար լավ հնարավորություն կա Հայաստանի երրորդ Հանրապետությունը քանդելու և իրեն կցելու ու չեմ կարծում, որ Ռուսաստանը կցանկանա իր ձեռքից բաց թողնել այս հնարավորությունը։ Բնականաբար, 1920 թվականի նման չեն կարող անարգել զինտեխնիկայով մտնել քաղաք, բայց փոխարենը կարող են երկրում շատ մեծ դժգոհությունների ալիք բարձրացնել մանավանդ հիմա, երբ հասարակության մեծ մասը դժգոհ է թե՛ գործող իշխանություններից և թե՛ նախկիններից, կարելի է ասել, որ Ռուսաստանին շատ բան չի մնացել, քան իրենց մարդուն դնել և Հայաստանը մտցնել միութենական պետության կազմի մեջ։ Ներկա պահին, ավելի քան երբևէ, պետք է մենք տեր լինենք մեր երկրին, իսկ դա նշանակում է, որ պետք է պատրաստվենք ծանր օրերի, զրկանքների, տնտեսական և էներգետիկ շրջափակման և միգուցե, նաև, լայնամասշտաբ պատերազմի։ Ընտրելով հեշտ ճանապարհը մենք կորցնելու ենք մեր Հայաստանը, մեր լեզուն, մեր տառերը, մեր պատմությունը և մեր անկախությունն ու ազատությունը։ Ընտրելով միութենական պետությունը, մեզանից երես են թեքելու բոլոր այն երկրները, որոնք այսօր փորձում են կործանել Ռուսաստանը։ Նաև կարծում եմ, որ մեր երկրի վրա կտարածվեն բոլոր այն պատժամիջոցները, որոնք ներկա պահին տարածված են Ռուսաստանին սատարող երկրների վրա»։