Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հրատապ պահանջ՝ միջազգային հանրությանը». Թագուհի Թովմասյան

«Հրատապ պահանջ՝ միջազգային հանրությանը». Թագուհի Թովմասյան
227
Ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ., 10:06

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի՝ վերականգնելու հոսանքի մատակարարումը Արցախ․ հրատապ պահանջ միջազգային հանրությանը։
Մեկ ամսից ավելի է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունն Արցախում՝ փաստացի պատանդ պահելով 120 000 մարդու, որից 30 000-ը՝ երեխա, 20 000-ը՝ ծեր, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող։
Ադրբեջանն Արցախում ստեղծել է հումանիտար արտակարգ իրավիճակ, որի հետևանքով՝

* Ձմեռային ցուրտ պայմաններում Արցախը հոսանքազրկված է. Հայաստանից սնուցվող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար: Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հատվածում հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ,

* Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները և խոչընդոտում է նորոգման աշխատանքները,

* Ադրբեջանը արգելափակել է սննդամթերքի, դեղորայքի և առհասարակ բոլոր մատակարարումներն Արցախ,

* Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից, սննդի պակասի պատճառով փակվել են ավելի, քան 100 կրթական հաստատություններ,

* Հազարավոր ընտանիքներ բաժանված են, երեխաները գտնվում են ծնողներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Ադրբեջանին անպատժելի թողնելու պայմաններում Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ադրբեջանի այս հանցավոր քաղաքականության նպատակն է հայաթափել Արցախը։ Դրա վկայությունն է նաև Ալիևի վերջին հայտարարությունը, որ եթե հայերը Արցախում չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացի լինել՝ միջանցքը բաց է, կարող են գնալ»։