Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Տեր-Պետրոսյանը պատասխանատու է բացառապես իր խոսքերի համար». Արման Մուսինյան

«Տեր-Պետրոսյանը պատասխանատու է բացառապես իր խոսքերի համար». Արման Մուսինյան
283
Երեքշաբթի, 14 փետրվարի, 2023 թ., 15:12

ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան էջում գրել է. «Հրանտ Տեր-Աբրահամյանն արձագանքել է վերջին գրառմանս, որպես հակափաստարկ բերելով ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, այլ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի տպավորությունները, որոնք տեղ են գտել Պետդեպարտամենտի՝ օրերս գաղտնազերծած մի փաստաթղթում:
Բանից պարզվում է, որ Տեր-Աբրահամյանը ոչ միայն բացարձակապես չի տիրապետում Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, այլ նաև անգլերեն լեզվին: Նշված փաստաթղթում Մադլեն Օլբրայթը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին ասել է հետևյալը. «The Secretary said, she understood Armenian President Ter-Petrossian wanted a Russian troop presence, but this could be possible within an international military group». Թարգմանություն. «Պետքարտուղարն ասաց, թե ինքը հասկացել է, որ Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը ցանկանում է ռուսական զորքի ներկայությունը, բայց դա հնարավոր է միջազգային ռազմական խմբավորման կազմում»:
Նախագահ Տեր-Պետրոսյանը պատասխանատու է բացառապես իր խոսքերի, այլ ոչ թե որևէ մեկի, թեկուզ ԱՄՆ Պետքարտուղարի ընկալման կամ տպավորության համար:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման խնդրին, ապա հարկ եմ համարում կրկնել. Ղարաբաղյան խնդրի կարգավորման 1997թ. թե՛ Փաթեթային, թե՛ Փուլային տարբերակներում, որոնց, ի դեմս նախագահ Տեր-Պետրոսյանի, պաշտոնապես համաձայնություն է տվել Հայաստանը, հստակորեն արձանագրված է, որ զորքերի ետքաշումներից հետո հակամարտության բաժանարար գոտում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր՝ սկզբունք, որն ի դեպ, ժամանակին հաստատվել է 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի բանաձևում»:

Աղբյուրը`   Արման Մուսինյան