Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ինչո՞ւ է Արսենյանի որդու տվյալները բացակայում ընտրողների ռեգիստրից

Ինչո՞ւ է Արսենյանի որդու տվյալները բացակայում ընտրողների ռեգիստրից
239
Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 13:48

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու տվյալները ՀՀ ընտրողների ռեգիստրից բացակայում են։ «Հրապարակ»-ը որոշել է պարզել, թե ինչն է պատճառը, չէ՞ որ նա 27 տարեկան է և ընտրելու իրավունք ունի, ինչը նշանակում է, որ էլեկշնի կայքում ընտրողների ցանկում պետք է լինեին տվյալները։ Նշենք, որ քաղաքացի Գուրգեն Գուրգենի Արսենյանը 2 տարի ազատազրկման է դատապարտվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրան առաջադրված մեղադրանքը և մեղսագրված արարքը ենթադրում են առավելագույնը 4 տարվա ազատազրկում, այսինքն՝ Քրեական օրենսգրքի իմաստով միջին ծանրության հանցագործության մասին է խոսքը, մինչդեռ, ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Այսինքն՝ ենթադրվում է, որ Գուրգեն Գուրգենի Արսենյանի տվյալների բացակայությունը ՀՀ ընտրողների ռեգիստրից չի կարող կապված լինել նրա՝ դատապարտված լինելու հանգամանքով, ավելին՝ նա 2022-ի սեպտեմբերի 9-ին պատժի կրումից վաղաժամկետ ազատ է արձակվել, հետևաբար, չի կարող ընդգրկված լինել քրեակատարողական հիմնարկի ընտրական ցուցակներում։

Նախ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փորձեցինք պարզել պատճառը։ ԿԸՀ-ից պատասխանեցին, որ ընտրողների ռեգիստրը վարում և ցուցակը կազմում է լիազոր մարմինը՝ ոստիկանությունը։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից մեր հարցմանը, թե ինչ պատճառով Արսենյանի որդու տվյալներն ընտրողների ռեգիստրում չկան, պատասխանեցին հետևյալ կերպ․ «Ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն փոխվում է ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ՝ պատիժը քրեակատարողական հիմնարկում կրելիս: Ազատազրկման դատապարտված անձանց փաստացի բնակության և հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը պատիժն իրականացնող մարմնի ղեկավարը 7-օրյա ժամկետում ներկայացնում է հիմնարկի գտնվելու վայրի տեղական ռեգիստր: Վերոգրյալ դրույթների համատեքստում, քրեակատարողական հիմնարկում գտնվելու դեպքում անձը հանվում է հաշվառումից՝ հաշվառվելով քրեակատարողական հիմնարկի հասցեով։ Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի պետը՝ քվեարկության օրվանից 3 օր առաջ:

Անհրաժեշտ է նկատել, որ քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների տվյալները չեն հրապարակվում։ Պատժի կրումից ազատվելուց հետո անձը պետք է կրկին դիմի նախկին կամ նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվելու համար։

Ինչպես նշեցինք՝ Արսենյանի որդին ազատ է արձակվել 2022 թվականի սեպտեմբերի 9-ին, և եթե նա հաշվառված լիներ մինչև նոյեմբեր ամիսը, ապա նրա տվյալները կներառվեին ընտրողների ռեգիստրում։ Փաստորեն ստացվում է, որ Գուրգեն Արսենյան կրտսերը պատժի կրումից վաղաժամկետ ազատ է արձակվել, սակայն որևէ տեղում չի հաշվառվել։