Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կառավարությունը ՀԿ-ներին գաղտնի գումար է տվել. «Ժողովուրդ»

Կառավարությունը ՀԿ-ներին գաղտնի գումար է տվել. «Ժողովուրդ»
215
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 09:24

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը պետական բյուջեից 5 միլիոն դրամ աջակցություն է հատկացրել մի շարք հասարակական կազմակերպությունների։ Որոշումը ընդգրկված է եղել կառավարության՝ փետրվարի 16-ի օրակարգում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում: Թե որոնք են այդ հասարակական կազմակերպությունները, և որ ոլորտներում ինչպիսի գործունեություն են իրականացնում, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ. որոշման կետերը հույժ գաղտնի են։ Նկարագրության մեջ նշվում է, թե տվյալ հասարակական կազմակերպություններն իրականացնելու են հետազոտություններ, ռազմավարական և հայեցակարգային փաստաթղթերի պատրաստում և փորձաքննությունների կազմակերպման համար խորհրդատվական, մասնագիտական, վերլուծական ծառայություններ:

Ընդ որում՝ Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ դիտողություն է արել և նշել, թե աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին ծրագրով գումարի հատկացումը նպատակահարմար չէ իրականացնել պահուստային ֆոնդից: Նաև նշվել է, թե նախագծով հիմնավորված չէ նաև գումարի հատկացման հրատապությունը: Առաջարկվել է միջոցառման գծով անհրաժեշտ ծախսերը կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի առկա ռեսուրսների հաշվին:

Դիտողությունը ընդունվել է, և փոփոխություն է կատարվել: Հավելենք, որ կառավարությունը 2022թ-ի պետական բյուջեով էլ 8 մլն դրամ էր հատկացրել հասարակական կազմակերպություններին, և կրկին պարզ չէր, թե ում: Մեկ անգամ էլ այդ նույն ծրագրով 46 մլն 976 հազ. դրամ էր հատկացվել։ Թե ում էր փոխանցվել այդ գումարը, կրկին հայտնի չէ, քանի որ կառավարության որոշման նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի էր համարվել»:

Մանրամասները՝ թերթի համարում: