Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ԱՄՆ-ում մեկնարկած Ադրբեջան-Հայաստան բանակցությունների շուրջ». Արմեն Պետրոսյան

«ԱՄՆ-ում մեկնարկած Ադրբեջան-Հայաստան բանակցությունների շուրջ». Արմեն Պետրոսյան
365
Երեքշաբթի, 02 մայիսի, 2023 թ., 22:00

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ-ում մեկնարկած Ադրբեջան-Հայաստան բանակցությունների շուրջ.
1. ԱՄՆ-ի նախաձեռնած բազմափուլ բանակցային գործընթացում առաջին հայացքից Վաշինգթոնը չի փորձում դիրքավորվել իբրև միջնորդ՝ ներկայանալով որպես ընդամենը «բարի ծառայություններ» մատուցող դերակատար։ Մինչդեռ ադրբեջանահայկական հակամարտությունն այնքան խրթին է և բազմաշերտ է, հակամարտ կողմերի շրջանում այնքան մեծ է փոխադարձ անվստահությունն ու թշնամանքը, որ առանց ազդեցիկ միջնորդի ուղղակի ներգրավվածության/երաշխավորության դժվար է ակնկալել տևական շոշափելի արդյունք։
2. Աշխարհաքաղաքական ներկայիս բարդագույն դիմակայության պայմաններում, նաև հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվող անզիջում մրցակցության պարագայում կանխատեսելի է, որ գլոբալ խաղացողներից յուրաքանչյուրը փորձելու է տապալել մրցակից միջնորդական հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունները և/կամ վերջնական համաձայնության ձեռքբերումը կազմակերպել հենց սեփական ձևաչափում։ Վերոնշյալի համատեքստում Մոսկվայի նյարդային վարքագիծը խիստ կանխատեսելի է։
3. Հայաստանի պարագայում ընդունելի փոխզիջումային միջավայրի/պայմանավորվածությունների և, որ ոչ պակաս կարևոր է՝ երաշխավորության ինստիտուտի ապահովման պայմաններում կանխատեսելի է որևէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը։
4. Ադրբեջանի դեպքում կառուցողական վարքագծի դրսևորումը պակաս կանխատեսելի է, քանի որ Բաքուն ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում նաև ուժային դիվանագիտության կիրառմամբ տեսնում է հայկական կողմերից առավելագույնը ստանալու հնարավորություն։ Հետևաբար, դժվար է կանխատեսել Բաքվի կողմից սեփական հնարավորությունները կաշկանդելուն/սահմանափակելուն միտված քայլեր։ Եվ հենց աշխարհաքաղաքական մրցակցությունն ու ռուսական մրցակից հարթակի առկայությունն ապահովում է Ադրբեջանի համար անհրաժեշտ մանևրի հնարավորությունը։
Մինչդեռ, ժամանակային առումով՝ կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև հունիս ամիս՝ Թուրքիայում ընտրական գործընթացի ավարտի առավելագույն ժամկետը, Ադրբեջանը կարող է դրսևորել որոշակի կառավարելի վարքագիծ, քանի դեռ
Թուրքիայի համապետական ընտրությունների արդյունքներով չի արձանագրվել իր համար եզակի ձեռնտու արդյունք՝ գործող նախագահի և իշխանության հաղթանակը։
Հ.Գ. Նման խրթին հակամարտությունների պարագայում սովորաբար ընդունված պրակտիկա է միաժամանակյա բազմափուլ բանակցությունների կազմակերպումը։ Բայց, որպես կանոն, դրանց լավագույն կանխատեսելի արդյունքը հարաբերությունների կարգավորման շրջանակների վերաբերյալ ընդհանուր համաձայնությունների արձանագրումն է, որը տվյալ դեպքում ևս հնարավոր է»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան