Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Երբ մենք սկսենք մի քանի քայլ առաջ մտածել՝ թշնամու նկատմամբ տեխնոլոգիական գերակայություն ենք ստանալու». Վ. Մարտիրոսյան

«Երբ մենք սկսենք մի քանի քայլ առաջ մտածել՝ թշնամու նկատմամբ տեխնոլոգիական գերակայություն ենք ստանալու». Վ. Մարտիրոսյան
271
Շաբաթ, 20 մայիսի, 2023 թ., 03:12

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայի ռազմատեխնոլոգիական ոլորտում շատ քիչ զինատեսակներ են, որոնք լրիվ նոր են ստեղծվում։ Սրա վառ ապացույցն է նաև հայտնի Կինժալ հիպերձայնային հրթիռը։ Նկարում ձախից Կինժալն է, իսկ աջից Իսկանդերը։ Ինչպես երևում է՝ նրանք տեսքից լրիվ նույնն են, միայն Կինժալի հետևի մասում կա լրացուցիչ հատված, սակայն այն արված է միայն աէրոբալիստիկ նպատակներով և բաց թողնելուց անմիջապես հետո անջատվում է հրթիռից։ Իհարկե, Կինժալի միջուկում որոշակի փոփոխություններ արված կլինեն, բայց միևնույն է՝ նրա հիմքը Իսկանդերն է։
Հրթիռի մշակողները որպեսզի Իսկանդերից ստանան հիպերձայնային նոր հրթիռ, իրականացրել են ընդամենը մեկ պարզ քայլ՝ գետնից կրակելը դարձրել են օդից բաց թողնում։ Ըստ այդմ МиГ-31 ինքնաթիռը այն բարձրացնում է մոտ 10 կմ, և մոտ 300 մ/վ արագությունից բաց է թողնում։ Քանի որ բարձրության վրա օդը ավելի նոսր է, իսկ հրթիռը գրավիտացիան հաղթահարելու փոխարեն բարձրությունը նվազեցնելու հաշվին դեռ մի բան էլ օգտվում է գրավիտացիայից, կարողանում է Իսկանդերի 6 մախի փոխարեն հավաքել արդեն 10 մախ արագություն, իսկ Իսկանդերի 500 կմ-ի փոխարեն գնալ մոտ 1300 կմ։
Ոչ միայն հարվածային հրթիռները, այլ նաև ՀՕՊ-ը, հակատանկային միջոցները և շատ այլ զինատեսակներ, շուտով բառի բուն իմաստով օդ են բարձրանալու։ Սա ռազմատեխնոլոգիական գլխավոր թրենդերից մեկն է։ Միայն թե МиГ-երի և այլ դասական ինքնաթիռների փոխարեն դրանց օդ են բարձրացնելու արդեն հատուկ այդ նպատակներով ստեղծված ԱԹՍ-ները։
Հ.Գ Եթե թերթեք իմ ֆեյսբուքյան էջում վերջին տարիներին արված ռազմատեխնոլոգիական ոլորտին վերաբերվող գրառումները, ապա կնկատեք, որ դրանք բոլորը ժամանակի հետ իրականանում են։ Երբ մենք սկսենք ՄԵԾ մտածել և մի քանի քայլ առաջ մտածել, ապա կարճ ժամանակում թշնամու նկատմամբ տեխնոլոգիական գերակայություն ենք ստանալու։ Նիկոլից հետո կյանք կա»: