Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք
![]() 229 Երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ., 23:18 Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առևանգումը, ըստ «Հետք»-ի երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան առաջնագծի հարավարևելյան ուղղության Շիկահողի հատվածում, ավելի կոնկրետ, ինչպես նշել է աղբյուրներից մեկը, դեպքը գրանցվել է Ճակատեն և Շիկահող գյուղերի միջակայքում՝ Կռնասիխութ սարից ոչ շատ հեռու: Ճակատեն-Շիկահող հատվածում հակամարտ զորքերի որոշ դիրքեր գտնվում են անտառապատ տեղամասերում, ինչը դիվերսիոն ներթափանցման ժամանակ քողարկման լավ հնարավորություն է ընձեռում: Ի՞նչ է հայտնի պաշտոնական տեղեկատվությունից Մայիսի 27-ին ՊՆ-ն հաղորդեց, որ հայտնաբերվել է կորած զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել մարտական հենակետերի համար նախատեսված սննդով ու ջրով: «Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: Հայտնաբերված մեքենայում նաեւ առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու եւ տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առեւանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- հայտարարեց ՊՆ-ն՝ հրապարակելով նաեւ անտառում լքված բեռնատարի լուսանկարներ, որի թափքում երեւում են ջրով լի տարաներ, իսկ վարորդի խցիկում՝ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ: Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հրապարակեց ենթադրաբար ադրբեջանցիների կողմից առեւանգված հայ զինծառայողների անունները՝ Հարություն Յուրիկի Հովագիմյան եւ Կարեն Աշոտի Ղազարյան: Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը աղբյուրին հայտնել է, որ Հ. Հովագիմյանը կապանցի է, պայմանագրային զինծառայող, իսկ Կ. Ղազարյանը՝ պարտադիր ժամկետային զինծառայող է: Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ հաղորդագրության՝ զինծառայողներ Հովագիմյանը եւ Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18:30-ին, «ԿամԱԶ-43114» մեքենայով սնունդ են տեղափոխել իրենց զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկը, ինչից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈւ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր «ԱԿ-74» ինքնաձիգ, սակայն զինծառայողները չեն գտնվել: Նախնական տվյալներով, ըստ ՔԿ-ի, հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը եւ առեւանգել հայ զինծառայողներին: «Հաշվի առնելով, որ առկա են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առեւանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՔՕ 191-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ,- հաղորդել է Քննչական կոմիտեն,- իրականացվում են վարույթային եւ ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու եւ զինծառայողների առեւանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»: Կռնասիխութի ուղղության հայկական դիրքերը «Հետքի» կապանյան աղբյուրներից մեկը հստակեցրել է, որ ենթադրյալ առեւանգումը եղել է Ճակատեն ու Շիկահող գյուղերի միջնամասում՝ Կռնասիխութ (Կռնասիքար) սարի ուղղությամբ: Կռնասիխութն այն սար-տեղամասն է, որտեղ Ճակատենից եկող Մ-17 ավտոմայրուղին բարձրանում է շուրջ 1300 մ բարձրություն ունեցող թմբի վրա, ապա իջնում Շիկահող: Կռնասիխութից Շիկահողը երեւում է ինչպես ափի մեջ: Թմբից մինչեւ գյուղի սկզբնամաս մայրուղու երկարությունը 3,4 կմ է, մեքենայով՝ 5 րոպեի ճանապարհ: Կարմիր շրջանակի մեջ Կռնասիխութ տեղամասն է, սլաքները ցույց են տալիս դիրքերի թիկունքային ուղիները Թե՛ մեր աղբյուրի, թե՛ «Ազատության» հետ զրուցած շիկահողցի Ս. Աղաբեկյանի ներկայացրածը համընկնում է Շիկահող գյուղից հյուսիս-արեւելք գտնվող հայկական հենակետերը թիկունքին կապող գրունտային ճանապարհներին: Ինչպես կարելի է տեսնել «Google Maps»-ում, այդ ճանապարհների հեռավորությունը դեմարկացիա չանցած Հայաստան-Ադրբեջան սահմանից մի քանի հարյուր մետր է եւ 1 կմ-ի չի հասնում: Ընդ որում՝ այս հատվածի հայկական հենակետերը մնացած դիրքերից համեմատաբար կտրված են, իսկ թիկունքին կապող ուղիներն անցնում են բավականին խիտ անտառով: Այս եւ դրանցից հարավ-արեւելք գտնվող մյուս հայկական դիրքերից եկող գրունտային ճանապարհները Կռնասիխութի մոտ միանում են Հայաստան-Իրան միջպետական Մ-17 ավտոմայրուղուն: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06



