ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներկայացնում եմ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի այսօրվա ելույթի որոշ կետեր, մեջբերումները արել եմ բառացի: – Աշխարհում լիովին խախտված են կանոնները, չեն պահպանվում վարքագծի կանոնները, միջազգային իրավունքը... Ուստի, իհարկե, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, առաջին հերթին ինքներս մեզ պաշտպանելու, մեր անկախությունը պաշտպանելու, մեր ընտրությունը պաշտպանելու, մեր ապրելակերպը պաշտպանելու, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մենք շատ լուրջ քայլեր ձեռնարկեցինք այդ ուղղությամբ, և ես արդեն հայտարարել եմ այդ մասին, ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը ռազմական մեծ ներուժ ունեն: –Այսօր աշխարհում առաջնահերթը ուժի գործոնն է, ուստի ուժի հետ հաշվի են նստում: Վերջին երկուսուկես տարվա մեջ մենք ցույց ենք տվել ոմանց, որ որևէ մեկը չի կարող ազդել մեր կամքի վրա: Ոչ ոք չի կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների, վերջնագրերի լեզվով և ես կարծում եմ՝ նման փորձեր այլևս չեն լինի: –Վերջին շրջանի դրական կետերից մեկն այն է, որ հայկական կողմի դիրքորոշման մեջ տեղաշարժ կա։ Եթե անցյալ տարվա հոկտեմբերին նրանք ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնացին և արդեն պաշտոնապես ճանաչեցին ադրբեջանական տարածքի պարամետրերը, այդ թվում՝ Ղարաբաղը և մեր անկլավային գյուղերը։ Սա պետք է դիտարկել՝ որպես դրական քայլ։ Հիմա հերթը հասել է, որ նույն բառերն իրենց հաստատումը գտնեն նաև թղթի վրա, ստորագրություններ դրվեն և հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ։ –Պետք է նշեմ նաև, որ վերջին շրջանում մենք կարողացել ենք մեր տրանսպորտային հնարավորությունները դուրս բերել մեր սահմաններից, առաջին հերթին՝ Սև ծով։ Գնվել են երեք խոշոր տանկերներ՝ յուրաքանչյուրը 115 հազար տոննա։ Տանկերներին տրվել են «Շուշա», «Ղարաբաղ» և «Զանգեզուր» անվանումները: *Կարճ ասած՝ Ալիևը կրկնեց, որ միջազգային իրավունքը որևէ արժեք չունի և ինքը շարունակելու է կիրառել ուժի գործոնը: Նիկոլ Փաշինյանից էլ գոհ է, վերջինս զիջելու «մաստեր կլաս» է ցույց տվել հաշված ամիսների ընթացքում, Արցախը զիջեց քիչ է, արդեն ՀՀ տարածքներ էլ է խոստացել, թե դիմացը ինչ է ստացել, ոչ մեկ տեղյակ չի: Իսկ տանկերների անունները պատահական չեն ընտրված, իրենք Սյունիքի հանդեպ իրենց ոտնձգություններն արտահայտում են ամենուրեք»: