Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Արա՛ այդ առաջարկությունը, հավատա, գիտեմ՝ ինչ եմ ասում». Օսկանյանը դիմել է Փաշինյանին

«Արա՛ այդ առաջարկությունը, հավատա, գիտեմ՝ ինչ եմ ասում». Օսկանյանը դիմել է Փաշինյանին
475
Հինգշաբթի, 13 հուլիսի, 2023 թ., 23:33

«Դու շուտով հանդիպելու ես Ալիևին Բրյուսելում՝ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ես շատ կոնկրետ առաջարկ ունեմ քեզ, և ես կարծում եմ, որ հենց Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային տրամաբանությունը, օրակարգը, նարատիվը փոխելու»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր տեսաուղերձում նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Մինչև գնալդ կարող ես հայտարարությամբ արդեն դրա մասին խոսել, կամ ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կինի հենց բանակցությունների սկզբում՝ Շառլ Միշելի և Ալիևի ներկայությամբ, դու անես հետևյալ հայտարարությունը․ «Հակառակ նրան, որ Պրահայում (սրանք քո հնարավոր խոսքերն են, ես մեջբերում եմ, առաջարկում եմ, որ սա ասես) ես ստորագրել եմ հայտարարություն, որով ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ վկայակոչելով 1991թ․ Ալմաթայի հռչակագիրը, համենայն դեպս, հաշվի առնելով, որ այդ հռչակագիրը բազմակողմ հռչակագիր է և ոչ թե երկկողմ՝ երկու երկրների միջև պայմանագիր, ես կարծում եմ, որ այդ հռչակագրում տեղ գտած՝ տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել՝ համարելու, որ արդեն Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Բայց դու կարող ես լրիվ քո տրամաբանությամբ շարունակել, որ ես, Փաշինյանս, պատրաստ եմ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան այնպիսի հունով, որն իրոք հիմք կստեղծի մեր երկու ժողովուրդների միջև արդար և կայուն խաղաղության։ Ուստի ես՝ Փաշինյանս, առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում անպայման տեղ գտնի այն փաստն ու հանգամանքը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ։ Ես հիմա առաջարկում եմ, որ բազմաթիվ այլ օրակարգային հարցերից, որոնք Ադրբեջանը ներդրել է, մենք ներառենք նաև այս հանգամանքը»։

Հավատացեք, առաջինը այս առաջարկը շատ լավ կհասկանա հենց Շառլ Միշելը, որը եղել է Բելգիայի վարչապետ, մի երկիր, որի ամբողջ պետական կառուցվածքը հիմնված է տարբեր համայնքների հավասար իրավունքների վրա: Նա քեզ լավ կհասկանա՝ ինչ ես ասում: Այդ օրակարգը բանակցային սեղան բերելը էապես փոխելու է բանակցային ընթացքը, նոր հնարավորություններ է բացելու: Քո օրակարգը լավ տեղ չի տանելու»,- ասաց դիվանագետը: