Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արձանը կանգնեցնելու մեջ միայն մի ենթատեքստ եմ տեսնում»․ Կարինե Փանոսյան

«Արձանը կանգնեցնելու մեջ միայն մի ենթատեքստ եմ տեսնում»․ Կարինե Փանոսյան
535
Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 00:36

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «Եթե Կարեն Դեմիրճյանը կենդանի լիներ, դժվար թե իրեն դուր գար համալիրի առջև տեղադրված իր այդ արձանը։
Դեմիրճյանը հայտնի է իբրև շինարար-ղեկավար, ում իշխանության օրոք Երևանում կառուցվել են ազգային, դասական ու խորհրդային մոդեռնիզմի այնպիսի օրինակներ, որպիսիք շարժել են ամենաառաջադեմ հյուրերի զարմանքը՝ Զվարթնոց օդանավակայան, Երևանի մետրոպոլիտեն, բազմաթիվ այլ շենքեր, Մարզահամերգային համալիր։
Շատերը չգիտեն, անգամ, որ մարզահամերգային համալիրի կառուցման ճանապարհը դաժան էր ու երկար։ Նախ Մոսկվան պետք է թույլ տար դրա կառուցումը, ապա պետք էր գտնել անհրաժեշտ միջոցներ, հետո՝ կառուցել ընդհատումներով, քանի որ Մոսկվան ընթացքից ետ է պահանջում շինարարության թույլտվությունը, շինարարությունն ընթանում է գաղտնի, բազմաթիվ վայրիվերումներով, իսկ 1985-ին հրդեհվում է համալիրի մի թևը։
Ամենազարմանալին այն է, որ ի սկզբանե թույլատրությունն ապահովելուց հետո Մոսկվան չէր հավատում, որ Մարզահամերգային համալիրը հնարավոր կլինի կյանքի կոչել, քանի որ խորհրդային պետության համար համալիրը ֆուտուրիստական՝ ապագայի ճարտարապետություն էր, սակայն մեր ճարտարապետներն իրենց ժամանակից առաջ էին մտքով, իսկ ինժեներները գտել էին ապագայի ճարտարապետության բանալին։
Դեմիրճյանը բարձրաճաշակ էր, թերևս, ու գիտեր բարձրարվեստ ճարտարապետության գինը։ Այդ են վկայում վերոնշյալ ու մյուս կառույցները։ Ու վստահ եմ, մինչ նման՝ պարզունակ ու անբնույթ արձան կանգնեցնելը, նա մի հանձնաժողով կհրավիրեր, քննարկում կանցկացներ, կլսեր մասնագետներին ու հետո կորոշեր, որ նրանց կարծիքով համալիրի առջև ոչ մի արձան չի սազի՝ այն էլ խորհրդային մոդեռնիզմի ֆոնին վատորակ դասական քանդակ։ Ավելին, կարծում եմ՝ նա կխնդրեր, որ քաղաքական ինտրիգները արվեստին չխառնեն։
Այս արձանի կանգնեցնելու մեջ միայն մի ենթատեքստ եմ տեսնում՝ ներկայիս իշխանությունների նախընտրական քարոզարշավի էմոցիոնալ թիրախավորում։ Նրանք գիտեն, որ ավագ սերնդի հիշողություններում Դեմիրճյանը նուրբ ու զգայուն տեղ է գրավում, ու նրա պատվին անորակ արձան կանգնեցնելով փորձում են քվեի համար ոտքի տեղ անել։ Ամոթ է, թերևս։
Իսկ մարդկանց չեմ կարող մեղադրել ռոմանտիկ ու զգայական այս պոռթկումների համար։ Դպրոցներում կերպարվեստը պետք է առաջնային առարկա լինի, որ չկքենք հասարակության անճաակության բեռի ներքո։ Բայց սա ուրիշ թեմա է»։

Աղբյուրը`   Կարինե Փանոսյան