Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սաակաշվիլիին խորհուրդ կտամ` խորհուրդ չտալ, կամ` փոխել հասցեատիրոջը». Արսեն Խառատյան

«Սաակաշվիլիին խորհուրդ կտամ` խորհուրդ չտալ, կամ` փոխել հասցեատիրոջը». Արսեն Խառատյան
246
Չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ., 11:12

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին: Ասում է՝ Նիկոլ ժամանակ չունես, հենց հիմա հայտարարիր ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից ու Եվրասիականից դուրս գալու մասին ու ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը բռնիր: Լավ է ասում՝ սրտիցս է, միայն թե պիտի բացատրի, թե այդ ճանապարհը բռնած իր 10 տարվա քաղաքականությունն ինչո՞ւ մինչ օրս Վրաստանը չի հասցրել այդ կառույցներին անդամակցելուն:
Բայց սա դեռ մի կողմ. ամենամեծ ցինիզմը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խորհուրդն է, որտեղ նա բառացիորեն հետևյալն է ասում. «Դուք պետք է բաց հայտարարեք և անմիջապես խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ»:
Սաակաշվիլիին փոխանցել է պետք, որ օր չի անցնում, որ Փաշինյանը չհայտարարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, ընդ որում՝ հենց արևմտյան հարթակներից: Այդ իր վաղեմի ընկեր Ալիեւն է, որ ոչ միայն չի ուզում արեւմտյան միջնորդությամբ խաղաղություն, այլև Արևմուտքի երեսին թքելով Պուտինի կողքից տեղ չի գնում, և հենց Ռուսաստանի միջնորդությամբ ու շահերի ներկայացմամբ է «խաղաղությունից» խոսում:
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին Սաակաշվիլին ոչ միայն ծպտուն չհանեց էթնիկ զտումների Բաքվի քաղաքականության մասին, այլև անթաքույց հրճվանքով շնորհավորում էր Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին Արցախը հայաթափելու կապակցությամբ: Հիմա էլ իրեն իրավունք է վերապահում բացատրել, թե՝ «խաղաղության հասնելը որքան կարեւոր է»:
Նախկին նախագահին խորհուրդ կտամ զերծ մնալ բաց նամակներ գրելուց, իսկ եթե իրոք մի լավ բան է ուզում անել, ապա կոչ եմ անում այսօր ևեթ կապվել իր խորհրդի իրական հասցեատիրոջ՝ Իլհամ Ալիևի հետ և հորդորել նրան այս ամսվա վերջին Բրյուսել գնալ Փաշինյանի հետ խաղաղության պայմանագիր քննարկելու:
Առայժմ այսքանը՝ առողջ եղեք...»:

Աղբյուրը`   Արսեն Խառատյան