«Թրամփի վարչակազմի օրոք Հայաստանի ամերիկյան պաշտպանությունը զրոյանալու է»․ Հայկ Մարտիրոսյան
235
Կիրակի, 12 նոյեմբերի, 2023 թ., 15:06
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թրամփի վերադարձը Սպիտակ տուն հիմա առավել քան երբևէ իրատեսական է թվում: Հաջորդ տարի դեկտեմբերին ԱՄՆ-ը կարող է մտնել մի փուլ, որում երբեք իր պատմության մեջ չի եղել: Թե ինչ հետևանքներ կունենա դա ԱՄՆ-ի համար՝ պարզ է: Տնտեսության փլուզում, անասելի քաղաքացիական լարում, միջազգային ասպարեզում դիրքերի աննախադեպ թուլացում, հեռացում համաշխարհային գործերից, Արևմուտքի և քաղաքակիրթ աշխարհի զիջում դրա թշնամիներիին և այլն, և այլն, և այլն: Բայց ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի համար: Մինչ Բայդենի վարչակազմը՝ Բլինքենի ամենաակտիվ մասնակցությամբ, ամեն գնով պաշտպանում է Հայաստանը՝ ապահովելով երկրի վերջին ծվենի թեկուզ դրա ժողովրդի մեղքով ստորաքարշ, բայց այնուամենայնիվ գոյությունը, ապա Թրամփի և Միլլերի վարչակազմի օրոք Հայաստանի ամերիկյան պաշտպանությունը զրոյանալու է: Չեզոքանալու է: Անէանալու է: Լիովին դադարելու է: Հայաստանը հանձնվելու է սեփական ճակատագրին: Այն ճակատագրին, որ հայ ժողովուրդն է ընտրել իր համար: Իսկ դա թուրքական ապագան է: Այսպիսով, եթե թրամփիստները վերցնեն Վաշինթտոնը, Հայաստանն ընդամենը 12 ամիս ունի ազատագրվելու համար սեփական ռուս-թյուրքական ռեժիմից և իրական վեկտորափոխությամբ անմիջապես միանալու Արևմուտքին: Ընդ որում՝ բացի ամերիկյան և ֆրանսիական ռազմաբազաներ Սյունիքում և երկրի այլ մասերում տեղադրելու՝ Արևմուտքին ուղղված շտապ խնդրանքի իրագործումից՝ ոչինչ չի փրկելու այս երկիրը: Ոչինչ: Իհարկե, եթե հաղթի Բայդենը, ապա մի կերպ մի քիչ էլ կձգվի Հայաստանի գոյությունը, եթե մինչ այդ Ալիևը չանի իր վերջին վճռական քայլը: Կձգվի մինչ հաջթրե նեոհանրապետական-թրամփակերպի մուտքը Սպիտակ Տուն, որ այդ պարագայում մի քանի տարուց կլինի: Անպայման կլինի: Ու քանի դեռ Թրամփի հաղթանակի շանսերն աճում են՝ կործանման սցենարը Հայաստանի համար առավել իրատեսական է դառնում: Եվ, իհարկե, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը այս տասներկու ամիսներին էլ, ինչպես նախորդ բազում տասներկու ամիսներին, ոչինչ չի նախաձեռնելու: Չի հեռացնելու սեփական կործանարար ռեժիմը, չի գնալու դեպի Արևմուտք, այլ ստեղծելու է միայն դրա մեծացող կեղծ պատրանք և հանգիստ շարունակելու է կյանքը՝ «Լավ ասենք, որ լավ լինի, ամեն բան լավ կլինի, լավատես լինենք, մենք փյունիկ ենք, հառնելու ենք, հաջորդ տարի Շուշիում գառ ենք մոր*ելու, Հադրութը հետ ենք բերելու» ազգային մանտրան միլիոներորդ անգամ կրկնելով: Ազգայիններն էլ շարունակելու են «Նիկոլին հեռացնելու ենք, հանրապետությունը վերածնելու ենք, սա ենք անելու, նա ենք անելու» մանտրան՝ այդպես էլ ոչինչ չկարողանալով անել՝ մինչ կգա 2024-ի նոյեմբեր-դեկտեմբերը: Այդպես՝ բոլորով՝ մինչև իրականում լավ կլինի: Շատ լավ: Աննախադեպորեն լավ: Բայց արդեն ոչ թե հայերի, այլ՝ թուրքերի և ադրբեջանցիների համար: Այդ օրը գալու է: Չկա ելք: Չկա, որովհետև կա ազգային հաստատակամ որոշում՝ չունենալու ելք: Թե չէ ելքը կա, այն իրատեսական է, իրական ու իրականանալի: Բայց երբ մերժված է ելքը, երբ կատաղի ֆանատիկոսությամբ սեփական ձեռքերով ոչնչացվում է ելքի և փրկության մնացած միակ կամուրջը, բնականորեն՝ այլևս ելք չի մնում: Ոչ մի ելք չի մնում: Այդ ելքը չկա: Եվ վստահորեն այլևս չի էլ լինելու: Կա այլևս մի ելք: Ելք երկրից: Ելք հայրենիքից: Ելք՝ պատմությունից: Դա այն ելքն է, որ այս ժողովուրդը հաստատակամորեն ընտրել է»։