«ԱՄՆ նախագահական ընտրությունները և մենք»․ Սուրեն Սարգսյան
185
Շաբաթ, 18 նոյեմբերի, 2023 թ., 13:18
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի անց: Հաշվի առնելով այդ ընտրությունների առանձնահատկությունները՝ հիմնական թեկնածուներն արդեն իսկ սկսել են իրենց նախընտրական արշավները, ընտրողների հետ հանդիպումները, աջակիցների մոբիլիզացիան, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների ներգրավումը: Ավելին, արդեն իսկ եղել են թեկնածուներ, ովքեր հասցրել են ոչ միայն հայտարարել իրենց մասնակցության մասին, այլև հայտարարել են, որ որոշել են չշարունակել մրցապայքարը, քանի որ «իրենց ժամանակը դեռևս չի եկել»: Հենց այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել, օրինակ, 48-րդ փոխնախագահ Մայք Փենսը (Թրամփի վարչակազմ): Բնականաբար, մեզ հուզող հիմնական հարցն այն է, թե ինչպե՞ս են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն ազդելու ԱՄՆ արտաքին քաղաքականության, աշխարհի, ինչպես նաև մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա: Եթե ամերիկացի ընտրողը քվեարկում է հաշվի առնելով ներպետական խնդիրներն ու դրանց լուծման տեսլականի և խոստման օգտին, ապա արտաքին աշխարհը, բնականաբար, նայում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությանն ու առաջնահերթությունների հնարավոր վերաշարադրմանը: Միանգամից առաջ անցնելով՝ կարելի է պնդել, որ այս ընտրություններն աշխարհի և մեզ վրա ունենալու են և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցություն, ով էլ ընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: Չնայած այն հանգամանքին, որ երկու հիմնական կուսակցություններն ու անկախ թեկնածուները դեռևս ֆորմալ առումով գտնվում են մրցավազքի մեջ, այդուհանդերձ, կարելի է գրեթե միանշանակորեն պնդել, որ հիմնական մրցապայքարը ծավալվելու է երկու թեկնածուների՝ գործող նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի, և նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի միջև: Միաժամանակ կարելի է նաև պնդել, որ այս ընտրություններն առանձնանալու են անկանխատեսելիության գործոնով, որը բավական շոշափելի է լինելու՝ հաշվի առնելով երկու հիմնական թեկնածուների տարիքը (Բայդենը 80 տարեկան է, իսկ Թրամփը՝ 77), Թրամփի դեմ շուրջ 4 տասնյակ մեղադրանքներն ու ազատությունից զրկելու հեռանկարը, Բայդենի դեմ սկիզբ առած իմպիչմենտը, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները: Արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունների հեռանկարը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ, թե ինչպես ամերիկացի ընտրողը կքվեարկի օրենսդիր մարմնի ընտրություններին, որոնք նույնպես տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որ կուսակցությունը կվերցնի իշխանությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Կարևոր է, թե դեմոկրատ նախագահի ընտրվելու պարագայում հանրապետականները կվերցնե՞ն իշխանությունը Կոնգրեսում, թե՞ ոչ. և հակառակը: Միաժամանակ պետք է հասկանալ թե որքան ազդեցիկ կլինի թրամփամետ «Freedom Caucus»-ը , այսինքն՝ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնախումբը: Բայդենի վերընտրվելու շանսերն այս պահին առանձնապես մեծ չեն՝ ըստ սոցիոլոգիական հարցումների, բայց, ինչպես արդեն նշվեց, դեռևս վաղ է հստակ պնդումներ անելու համար, և անհրաժեշտ է հաշվի առնել անկանխատեսելիության տասնյակ գործոններ: Այս պահի դրությամբ, ինչպես նշում է դեմոկրատական կուսակցության լրատվական հսկա «The New York Times» պարբերականը՝ «Թրամփն առաջատար է 5 կարևոր նահանգներում, քանի որ ընտրողները մեղադրում են Բայդենին: Ռազմավարական նշանակություն ունեցող նահանգներում ընտրողները պնդում են, որ իրենք վստահում են Դոնալդ Թրամփին՝ նախագահ Բայդենի՝ տնտեսական, արտաքին քաղաքականության և ներգաղթի հարցերի վերաբերյալ վարվող սխալ քաղաքականության արդյունքում»: Իհարկե, Բայդենի հնարավոր ընտրության պարագայում արտաքին քաղաքականությունն էական փոփոխությունների չի ենթարկվի՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունները, որոնք այսօր գերիշխում են օրակարգում: Սակայն, եթե ուժերի հավասարակշռությունը Կոնգրեսում խախտվի, հնարավոր են շոշափելի փոփոխություններ, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ, իսրայելական ուղղությամբ, դաշնակիցների հետ հարաբերություններում և այլն: Չմոռանանք, որ Ուկրաինային օգնության տրամադրման հարցում հանրապետականների շրջանում լուրջ անհամաձայնություն կա: Անկախ այն հանգամանքից թե երբ կավարտվի ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիոն քաղաքականությունը Բայդենը շարունակելու է: Թե որքանով Ռուսաստան-Արևմուտք ծայրաստիճան լարվածությունը ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգային և տնտեսական իրավիճակի վրա, դժվար չէ կռահել: Բնական է, որ Հայաստանի շահերից կբխեր, եթե Հայաստանը չհայտնվեր այդ բախման կիզակետում, հնարավորություն ունենալով աշխատել աշխարհաքաղաքական կենտրոնների ընդհանուր շահերի, այլ ոչ թե հակասությունների վրա: Դրանից զատ, երկարաժամկետ կտրվածքով հակառուսական պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա՝ հաշվի առնելով ռուսական էներգակիրներից Հայաստանի կախվածությունը, ԵԱՏՄ-ին և ՀԱԿՊ-ին Հայաստանի անդամակցությունը, տնտեսությունների՝ հազարավոր թելերով փոխկապակցվածությունը: Եթե այսօր Հայաստանը կարողանում է որոշակի դիվիդենտներ ունենալ Ռուսաստանը շրջանցող ֆինանսական հոսքերից, ապա փաստ չէ, որ դա կարող է երկար շարունակվել՝ հաշվի առնելով Վաշինգթոնից եկող պարբերական զգուշացումները: Թրամփի վերադարձի պարագայում Ուկրաինայի գործոնի էական նվազում կարող է տեղի ունենալ Վաշինգթոնում՝ բերելով նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշակի լիցքաթափում: Սակայն՝ ընդամենը որոշակի: Թրամփը պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու կողմնակից է, ինչը կնշանակի Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքավորման որոշակի թուլացում՝ բանակցությունների սեղանի շուրջ Մոսկվային բերելու նպատակով: Չի բացառվում, որ այս համատեքստում Վաշինգտոնը դիտարկի որոշ պատժամիջոցների վերացում: Ընդհանրապես, Թրամփը մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ համագործակցելու օգտին: Նա արդեն հայտարարել է պատերազմը մեկ օրում կանգնեցնելու իր ունակության մասին: Իհարկե, Թրամփի վրա ներքաղաքական հզոր ճնշումներ են լինելու, բայց չմոռանանք, որ Թրամփն այլևս ոչինչ չունի կորցնելու, քանի որ, հաղթանակի պարագայում, սա իր նախագահության վերջին քառամյակն է լինելու: Պարզ է, որ եթե Վաշինգտոնը սկսի պատժամիջոցներ հանել Ռուսաստանի վրայից, ապա այլ պետություններ, մանավանդ նրանք, որոնք ոչ մեծ հրճվանքով էին պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, լեգիտիմ առիթ կունենան պատժամիջոցների վերացման հարցում: Ռուսաստանի նկատմամբ տարվող քաղաքականության որոշակի մեղմացմանը զուգահեռ, Թրամփն առավել կոշտ է դիրքավորվելու Իրանի նկատմամբ՝ ձևավորելով պայմանականորեն ասած «Israel First» քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Շատ հավանական է, որ, եթե վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում տեղի ունենային Թրամփի օրոք (դրանք գուցե և տեղի չունենային), ամերիկյան արձագանքը շատ ավելի գործուն և ագրեսիվ էր լինելու: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն իր դիրքերը թուլացրել և զիջումներ է արել նոր խաղացողին՝ Չինաստանին: Դրա ամենացցուն օրինակներից է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ Պեկինի միջնորդությամբ և երաշխիքներով , երբ Մերձավոր Արևելքում Իրանը ԱՄՆ-ի հիմնական հակառակորդն է, իսկ Սաուդյան Արաբիան՝ հիմնական դաշնակիցներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է պնդել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ազդեցությունը երբեք այսքան խարխլված չի եղել, որքան այսօր: Հետևաբար, Ամերիկային «great come back» է անհրաժեշտ, իսկ Թրամփը հենց այն ֆիգուրն է, որ դա կարող է ապահովել կամ գոնե փորձել: Շատերը Թրամփի անկանխատեսելիությունը համարում են բացասական կողմ: Սակայն արտաքին քաղաքականության մեջ նա իր իսկ անկանխատեսելիությունը կարողացել է գործիք դարձնել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իրանի դեմ իրականացվող ցանկացած գործողություն, լինի դա ռազմական թե տնտեսական սանկցիաների միջոցով, չի կարող բխել Հայաստանի շահերից: Իհարկե, Հայաստանի համար թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգության տեսանկյունից առավել շահավետ կլիներ, եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվեին, և պատժամիջոցները վերանային, սակայն այդպիսի հեռանկարը մշուշոտ է թվում: Հետևաբար, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել համաշխարհային գործընթացների մասով և փորձի նվազեցնել սպասվող մարտահրավերները՝ նախապես պատրաստվելով դրանց»։