«Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից». Տոյվո Կլաար
![]() 1544 Երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ., 12:06 Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից, այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Կլաարը։ - Ի տարբերություն Ադրբեջանի, որը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում պարբերաբար խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ ակնհայտորեն ենթատեքստում ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ունենալու գաղափարը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում երկրների իրավազորության և ինքնիշխանության հիման վրա ու որը կյանքի կոչելու արդյունքում տարածաշրջանը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ և առևտրային կարեւոր խաչմերուկ․ դա կարղ է նաև խաղաղության յուրատեսակ երաշխիք լինել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը ու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ։ Հնարավոր համարո՞ւմ եք այս նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։ - Նախ, կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․ 2023թ. մայիսին) Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ՝ նախագահ Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիևն այլ դեպքերում ևս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն: Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝ նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետևաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է, նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«ԱՄՆ-ն չունի ցամաքի վրա մեծածավալ ու երկարատև պատերազմելու ընդունակ մարտունակ մեծ բանակ». Գարիկ Քեռյան
10312:18
«Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է իր որսացող հրթիռների պաշարների կրիտիկական սպառման մասին». #Semafor
23510:04
«Վաշինգթոնը նախատեսում է վերականգնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները, երբ էներգետիկ շուկայում գները նորմալանան». Թրամփ
15009:39
ՔՊ-ին զայրացրել է Հայկ Մարությանի ծաղրը (տեսանյութ)
28109:12
Իրաքում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ այդ երկրից
23400:57
«Էս հատիկ առ հատիկ հետ բերած քյաբաբներն են ուտո՞ւմ»․ Արմենակ Դանիելյան
20100:42
«Պետբյուջեն օգտագործվում է քաղաքական կախվածություն ստեղծելու համար»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
155Երեկ, 23:48
«Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն Արցախի թեմայով ասելիք չունի՞»․ Սամվել դպիր Գրիգորյան
186Երեկ, 23:24
