Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Նիստից հետո ԱԺ-ում սեղան են գցել ու պատիվ տվել Շահրամանյանին․ «Հրապարակ»

Նիստից հետո ԱԺ-ում սեղան են գցել ու պատիվ տվել Շահրամանյանին․ «Հրապարակ»
288
Շաբաթ, 25 նոյեմբերի, 2023 թ., 09:36

«Հրապարակ»-ը գրում է․ «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցաքննությունը երեկ գաղտնիության ռեժիմում անցավ, բայց ջերմ մթնոլորտում: Չնայած ՔՊ-ականները որոշել էին նրա վախը բռնել, որ երբևէ քաղաքական ակտիվության մասին չմտածի, սակայն նա անմիջապես հասկացրել է, որ ո՛չ նման մտադրություն ունի, ո՛չ ցանկություն, և անտրտունջ պատասխանել է բոլոր հարցերին, որոնք դուրս են եղել հանձնաժողովի իրավասության շրջանակից։

Պատերազմից 4 ամիս առաջ Շահրամանյանն ԱՀ ԱԱԾ տնօրենն էր, իսկ պատերազմի օրերին՝ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարը: Նրան հարցրել են՝ ունեցե՞լ եք օպերատիվ տվյալներ հնարավոր պատերազմի մասին, վստահեցրել է, որ ոչ՝ պատերազմի որևէ նախանշան չի եղել։ Ի զարմանս ՔՊ-ականների, ԱՀ նախագահը պատասխանել է նաև պատերազմին չվերաբերող հարցերին: Դիցուք, հարցրել են՝ ինչո՞ւ է համաձայնել ստանձնել նախագահի պաշտոնը, երբ Արցախը փակուղային վիճակում էր, ինչո՞ւ է ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը: Նա պատասխանել է, անգամ երկար-բարակ պատմել է նախկին նախագահների՝ Արցախում վերջին օրերի կյանքի մասին՝ որտեղ էին ապրում և այլն։ Բացահայտումներ չի արել՝ նրա ասածները հիմնականում հայտնի էին, ասել է, որ նախկին նախագահները գտնվել են ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, իսկ մյուս պաշտոնյաները՝ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի առանձնատանը։ Հարցրել են բենզինի բաքի ողբերգական պայթյունից՝ դա ադրբեջանցիների կողմից տեռա՞կտ էր, Շահրամանյանը վստահեցրել է, որ պատկան մարմինների անփութության հետեւանք էր։ Ապա հավաստիացրել է, որ Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվելու, չի առաջնորդելու արցախցիների պայքարն ընդդեմ ՀՀ իշխանությունների: Ասել է, որ դեմ է պետության մեջ պետություն ունենալուն, սակայն պետք է ուղիներ փնտրել ԱՀ պետական ինստիտուտները պահպանելու համար։ Հանդիպումն այնքան է ոգևորել ՔՊ-ականներին, որ որոշել են նիստից հետո պատիվ տալ Շահրամանյանին՝ սեղան են գցել հենց ԱԺ-ում»։

Մանրամասները՝ թերթի համարում։