Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ԲՏԱ նախարարը սանկցիա է կիրառել ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության նկատմամբ. «Ժողովուրդ»

ԲՏԱ նախարարը սանկցիա է կիրառել ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության նկատմամբ. «Ժողովուրդ»
260
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 09:18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է անջատել Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ»-ի հեռուստաեթերը:
Պատճառը Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության կուտակած պարտքերն են: Այսինքն՝ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Եւ, ահա, ԲՏԱ նոր նախարար Մխիթար Հայրապետյանն իր գործունեության առաջին օրերին նկատել է, որ մի շարք հեռուստաընկերություններ, այդ թվում՝ ԱԺ նախագահի կնոջ կողմից ղեկավարվող, պարտքեր են կուտակել, և նախաձեռնել է նրանց եթերազրկումը:
Իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար կապվեցինք ԱԺ նախագահի տիկնոջ՝ մեր գործընկեր Մարիամ Մարգարյանի հետ: Վերջինը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարի ուշացումն է եղել պատճառը, պարտք է կուտակվել, և ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է հեռուստաեթերի ժամանակավոր անջատումներ մինչ պարտքի ամբողջական մարումը: «Սանկցիան կիրառվել է ոչ միայն մեր նկատմամբ: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները նման խնդիր ունեցել են, մի մասն արդեն պարտքը մարել է, մյուսներն առայժմ ընթացքի մեջ են: «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունն այս ամիս փոխանցել է ամսական վճարը, առաջիկայում նաև կմարի կուտակված պարտքն ամբողջությամբ»: