«Իսկ Լեքսմանի մտքով չի՞ անցնում, որ Միշելն ամենևին էլ դժգոհ չէ Ալիևի ագրեսիվ քաղաքականությունից». Բադալյան
295
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 16:18
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկար ու մի քիչ կոշտ ստացվեց, բայց խնդիրը ես կարծում եմ ոչ թե օրերի, այլ ընդհուպ ժամերի հաշվարկով է դառնում ավելի ու ավելի կարևոր: «Այսպիսով, ե՞րբ նախագահ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումն ու հանդարտեցումը ծառայում են միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը», գրել է Եվրոխորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը: Իսկ մի՞թե Միրիամ Լեքսմանը կասկածում է Շարլ Միշելի «հասկանալու ընդունակության» վրա և կարծում, թե Շարլ Միշելը չի հասկանում, թե ինչ է անում: Իսկ Միրիամ Լեքսմանի մտքով չի՞ անցնում, որ Շարլ Միշելը ամենևին էլ դժգոհ չէ Ալիևի ագրեսիվ քաղաքականությունից, որովհետև այդ ագրեսիվ քաղաքականությունն առնվազն «փշերի» վրա է պահում Ռուսաստանին և Իրանին: Իսկ Շարլ Միշելն ու նրա գլխավորած կառույցը ներկայումս այլ նպատակ չեն էլ հետապնդում: Երբ Հայաստանում խոսում ես այս մասին, շատերը կարծում են, թե ասում ես՝ Միշելը ինչ խորամանկ ու վատ մարդ է: Որովհետև բոլորն էլ արել են ամեն ինչ, որպեսզի քաղաքականությանն առնչվող հարցերը ընկալվեն այդպես: Մինչդեռ, Միշելը քաղաքական ֆիգուր է, քաղաքական կենտրոնի ներկայացուցիչ, որն ունի իր շահերն ու հետաքրքրությունները, այդ թվում Կովկասում: Ալիևը գործել, և առ այսօր գործում է այդ հետաքրքրություններին համահունչ: Հարց կառաջանա, թե ինչպե՞ս կարող են Միշելին ու նրա ներկայացրած կենտրոնին համահունչ լինել Ալիևի գործողությունները, որոնք պարբերաբար հանգում են ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների: Դրա համար պարզապես պետք է ուշադրությամբ հասկանալ, թե ի՞նչ գնով են ձեռք բերվում այդ պայմանավորվածությունները: Դրանք ձեռք են բերվում Կովկասում Ռուսաստանի ներկայության թուլացման գնով: Միևնույն ժամանակ, դա նաև նույն կենտրոնին տալիս է Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչությունն ուժգնացնելու նախադրյալներ: Իսկ Ռուսաաստանը դա չի՞ հասկանում, կառաջանա հարցը: Իհարկե հասկանում է, բայց հասկանալը քիչ է, պետք է տիրապետել հասկացածիդ հետ աշխատելու հարուստ գործիքակազմ, կարողություն, փափուկ ուժի տեխնոլոգիաներ, ինչպես տիրապետում է Արևմուտքը: Բայց, Ռուսաստանը տիրապետում է միայն «կացնային ուժի» տեխնոլոգիային: Մյուս կողմից, հենց այստեղ է ամենից վտանգավորը: «Միշելների» հաշվարկը հենց դրա վրա է՝ բերել Ռուսաստանին կացնային ուժի կիրառման անխուսափելիության, այլ կերպ ասած՝ ցուգցվանգի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռուսների մոտ էլ «գենետիկ» մակարդակի է այդօրինակ ցուգցվանգներից ընդհուպ արյունոտ ճահիճներով դուրս գալու հատկանիշը: Եթե դու հեռվից նստած հետեւելու ես այդ ամենին, դա նույնիսկ կարող է թվալ «ինտելեկտուալ» զբաղմունք: Բայց իրական ինտելեկտը պահանջվում է այն ժամանակ, երբ դու գտնվում ես այդ «արյունոտ ճահիճների» հնարավոր խաչմերուկներից մեկում: Այդտեղ է, որ պահանջվում է իրական, խորքային ինտելեկտ՝ ռուսներին նոր «ցուգցվանգի» հասցնելու գործում «մատերիալ» չդառնալու համար, որի առնչությամբ մեզ «հետմահու» տրվելիք անհրաժեշտ «պատասխաններն» ու «բացատրությունները» վաղուց են մշակված, և մասնակի նույնիսկ հենց այսօր արդեն հմտորեն դրվում են շրջանառության մեջ»: