Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյան- Բլինքեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպում` ձախողո՞ւմ, թե՞ աննախապեպ, պատմական շրջադարձ». Զուրաբյան

«Փաշինյան- Բլինքեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպում` ձախողո՞ւմ, թե՞ աննախապեպ, պատմական շրջադարձ». Զուրաբյան
225
Կիրակի, 07 ապրիլի, 2024 թ., 19:48

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆ-ԲԼԻՆՔԵՆ-ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ ՀԱՆԴԻՊՈւՄԸ ՁԱԽՈՂՈւՄ Է՞Ր, ԹԵ՞ «ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ» (ԽՈՍԵՆՔ ԹՎԵՐՈՎ)
2021 թվականի հուլիսի 9-ին Եւրոպական Միությունը հայտարարել էր, որ պատրաստ է առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €2.6 միլիարդ եւրոյի ($3.1 միլիարդ դոլարի) ծավալի օգնություն:
Ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամանակ պարզվեց, որ այդ որոշումից երեք տարի անց Եվրոպական Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միասին խոստանում են չորս տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €270 միլիոն և $65 միլիոն համապատասխանաբար, այսինքն ընդհանուր՝ մոտավորապես $360 միլիոնի օգնություն:
Հետևաբար, ոչ միայն չեն կատարել նախկինում տրված խոստումները, այլ դեռ մի բան էլ խոստման չափը կրճատել են 10 անգամից ավելի:
Հարցն ավելի հետաքրքիր բնույթ է ստանում Փաշինյանի թիմի և նրա «արևմտամետ» սատարողների այն պնդման լույսի ներքո, համաձայն որի, 1991 թվականից ի վեր Հայաստանը «սխալ կողմնորոշում» է որդեգրել և այդ պատճառով չի ստացել Արևմուտքի կողմից պատշաճ աջակցություն:
Բան այն է, որ Հայաստանն իննսունականներին, Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում, ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից. 1993-ին՝ $110 միլիոն, 1994-ին՝ $191 միլիոն, 1995-ին՝ $217 միլիոն, 1996-ին՝ $292 միլիոն, 1997-ին՝ $166 միլիոն, ինչը, գումարած Եվրոպական Միության կողմից TACIS ծրագրով ստացած օգնությանն, ընդհանուր գումարով գերազանցում է $1 միլարդը:
Իննսունականներին Հայաստանին տրված օգնությունը 2024 թվականին հնչեցված խոստման հետ համեմատելու համար պետք է հաշվի առնել, որ 1993-1997 թվականների ամերիկյան դոլարի հզորությունը հավասար էր այսօրվա 2 ամերիկյան դոլարի: Այսինքն, եթե անգամ ազդարարված խոստումներն իրականանան, Արումուտքը գալիք չորս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի իննսունականների էկվիվալենտով՝ $180 միլիոն դոլարի համարժեք օգնություն:
Ի՞նչ է ստացվում: 1991-ին «սխալ կողմնորոշում» որդեգրած (իրականում՝ Արևմուտքի և Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարող) Հայաստանը հինգ տարվա ընթացքում Արևմուտքից ստացել է 5.5 անգամ ավելի մեծ աջակցություն քան այն, ինչ Արևմուտքն առայժմ դեռ միայն խոստանում է տալ ութ տարվա ընթացքում (2021 թվականից ի վեր): Հիմա սա ձախողո՞ւմ է մեզ համար, թե՞ աննախապեպ, պատմական շրջադարձ: Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է:
Ի դեպ, սա քննադատություն չէ Արևմուտքի նկատմամբ: Արևմուտքն անում է այն, ինչ կարող է և նպատակահարմար է գտնում: Մենք ուղղակի պետք է շատ սթափ գնահատենք Արևմուտքի կարողությունները և պատրաստակամությունը՝ մեզ օգնելու:
Սա քննադատություն է փաշինյանական իշխանության և նրան ինքնամոռաց սատարող «սուտի արևմտամետների» նկատմամբ, որոնք մեր ժողովրդին խաբում են սեփական ձախողումները քողարկելու և բացառապես անձնական օգուտներ քաղելու նպատակով և պայծառ ապագայի ոսկե սարեր խոստանում դեպի Արևմուտք «պատմական շրջադարձի» դեպքում:
Եվ սա միակ ճիշտ քաղաքական մոտեցումն է. մենք և´ ռուսների, և´ Արեւմուտքի Հայաստանի հանդեպ արած-չարածների համար պետք է մեղադրենք միայն մեր իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչպես դա արվում էր իննսունականերին: Դա միակ ռացիոնալ մոտեցումն է, որն անցյալում հաջողություն էր ապահովում, քանի որ իշխանության համար կեղծ արդարացման որևէ հնարավորություն չէր թողնում և հիմա էլ չպիտի թողնի»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան