Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Վերջակետ դնենք այս ողջ կործանարար գործընթացին և սկսենք զարթոնքի փուլը». Սուրեն Պետրոսյան

«Վերջակետ դնենք այս ողջ կործանարար գործընթացին և սկսենք զարթոնքի փուլը». Սուրեն Պետրոսյան
147
Կիրակի, 09 հունիսի, 2024 թ., 00:30

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրում է. «Հարգելի վանաձորցիներ,
Այս պայքարը ուղղակի անցել է անդառնալիության կետը և այն անպայման հաջողելու է:
Այս շարժման առաքելությունը, մեր պայքարի հիմքում ընկած գաղափարները, ոչ միայն երևանցունն են, ոչ միայն վանաձորցունն են, այլ արտացոլում են ամբողջ հայության գաղափարները, նպատակները, առաքելությունը, իղձերը։
Հետևաբար, այս շարժումը չհաջողել չի կարող։
Ադրբեջանը ևս սա հասկանում է ինչի արդյունքում ավելացել են, և՛ ճնշումները, և՛ պահանջները՝ սկսած «Խոջալույի ցեղասպանությունից», վերջացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, որովհետև շատ լավ հասկանում են, որ այսպիսի հնարավորություն այլևս չեն ունենալու ողջ պատմության ընթացքում։
Սա իրենց վերջին հնարավորությունն է, որից ամեն կերպ փորձելու են օգտվել։
Այս իշխանությունն այնպես է արել, որ մենք այլևս նստած մեր տանը՝ Երևանում, Վանաձորում, Կապանում ոչ թե երազում ենք ապագայի մասին կամ ունենք հավակնություններ, այլ սկսել ենք երազել մեր տունը պահելու մասին, Երևանը պահելու մասին, Վանաձորը պահելու մասին, Կապանը պահելու մասին։
Այս շարժումը նրա մասին է, որ մենք այլևս չենք երազելու պահել այն, ինչ մերն է, մենք հավակնելու ենք, շարժվելու ենք, որովհետև այս շարժումը արժանապատվության, ինքնության և իրական խաղաղության մասին է և ոչ թե ծնկած ու ստորաքարշ ապրելու մասին։
Անընդհատ խոսվում է ինքնիշխանության մասին և այս վերջին ժամանակահատվածում կարողացա ամբողջությամբ հասկանալ այն, որ երբ ասվում է ինքնիշխանություն, նկատի ունեն ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի ինքնիշխանությունը, այլ միայն ղեկավարող վարչախմբի ինքնիշխանությունը, որը նշանակում է անկախություն սեփական ժողովրդից՝ իրականացնելու համար այն օրակարգը, որը պարտադրվում է միայն Ադրբեջանի կողմից։ Այդ ինքնիշխանությունը, որի մասին իրենք խոսում են, անգամ տեսականորեն չեն ունենալու։ Այս շարժումը դրա մասին է, որ այդ օրակարգը այլևս տապալված է և միայն հենց այս շարժումն է, որ իրական ինքնիշխանության մասին է, անկախության մասին է, հաշտության մասին է և ապագան վերադարձնելու մասին է։
Այս շարժումն այլևս անկասելի է և մեր խնդիրն է միայն ավելի շուտ իր տրամաբանական ավարտին հասցնել։
Խնդրում և ակնկալում եմ ձեզանից վաղը ժամը 18:30 բոլորս լինենք Հանրապետության հրապարակում և վերջակետ դնենք այս ողջ կործանարար գործընթացին և սկսենք զարթոնքի փուլը»։

Աղբյուրը`   Սուրեն Պետրոսյան