Երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համաձայնեցված կերպով թուլացնում են Հայաստանը և ուժեղացնում Ադրբեջանը». Արմեն Այվազյան

«ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համաձայնեցված կերպով թուլացնում են Հայաստանը և ուժեղացնում Ադրբեջանը». Արմեն Այվազյան
148
Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 01:00

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս եմ փաստարկել, որ Միացյալ Նահանգներն ու ՌԴ-ն վաղուց ի վեր համաձայնեցված կերպով թուլացնում են Հայաստանը և ուժեղացնում Ադրբեջանը։
Այդ առթիվ վերջին վկայությունները կապված են ՀՀ-ին ֆրանսիական զենք (մասնավորապես արդիական հրետանային համակարգեր) մատակարարելու կնքված համաձայնագրերի հետ։ Այդ գործարքի դեմ ՌԴ-ն դժգոհում է իր ադրբեջանամետ-թուրքամետ ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովայի մակարդակով, իսկ ԱՄՆ-ն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի շուրթերով։ Վերջինս հայտարարում է, թե «ցավալի է, որ երբ մոտենում ենք խաղաղության համաձայնագրի կնքմանը, նման քայլը խառնում է և առավել բարդացնում բանակցությունները»։ Միաժամանակ ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ԱՄՆ-ի ներկայացուցիչները մեկ բառով անգամ դժգոհություն չեն հայտնում Ադրբեջանի կողմից ահռելի քանակությամբ զենք գնելու, ՀՀ-ի դեմ ամենօրյա սպառնալիքներ հնչեցնելու, Արցախում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, հայ գերիներին ազատ չարձակելու կապակցությամբ։ Ընդ որում, Ադրբեջանին շարունակում են զինել ինչպես Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ական պետություններն ու Իսրայելը, այնպես էլ ՀԱՊԿ-ի անդամ Բելառուսը, որը վերջին տարիներին դարձել է ՌԴ-ի փաստացի կցորդ-պետություն։
Ավելին, Ջեյմս Ուորլիքը նաև համարձակվում է հայտարարել, թե ՀՀ սահմանադրությունը պետք է, այնուամենայնիվ, փոփոխվի Բաքվի ցանկություններին հագուրդ տալու նպատակով։ Ըստ այս գործչի, պաշտոնական Երևանը պետք է փակ դռների հետևում երաշխիքներ տա Ադրբեջանին, որ վերջինիս հուզող հարցերը լուծվելու են, միայն թե այդ փոփոխությունները պետք է կատարվեն այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, ոչ թե դրանից առաջ։ Այսինքն՝ դարձյալ պահանջներ են դրվում միայն ՀՀ-ի առջև, բայց ոչ Ադրբեջանի, որի սահմանադրությամբ ՀՀ-ի մեծ մասը կազմում է իր տարածքը։
Իսկ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունելով ողջունում է ՀՀ-ի կողմից Ադրբեջանին ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը՝ իհարկե, այդ կործանարար գործընթացը նենգափոխված կերպով անվանելով սահմանազատում ու սահմանագծում։
Ապշել կարելի է միայն, թե այս ամենից հետո Հայաստանում ինչպես են ռուսամետ ու ամերիկամետ «քաղաքական» խամաճիկային խմբավորումները ցուցադրաբար ամեն օր իրար կոկորդ կրծում՝ չնկատելով իրենց հովանավորող գերտերությունների՝ Հայաստանի դեմ իրականացվող համաձայնեցված քաղաքականությունը։
Ցավոք, տեղեկատվական ամբողջ դաշտը խստորեն վերահսկվում է այս երկու խմբավորումների կողմից, ժողովուրդը ճշգրիտ վերլուծություն չի ստանում և շարունակում է խարխափել կեղծ օրակարգերի և «կանխատեսումների» տիրույթում»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան