Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Իշխանությունը փորձում է համոզել, որ ազգային շահի սահմաններն արդեն իսկ որոշված են»․ Արմեն Հովասափյան

«Իշխանությունը փորձում է համոզել, որ ազգային շահի սահմաններն արդեն իսկ որոշված են»․ Արմեն Հովասափյան
43
Այսօր, 17:48

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպայում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները գնալով ավելի դժվար է բացատրել միայն հերթական ընտրական արդյունքներով։
Օրերս Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի (AfD) հաղթանակը Սաքսոնիա-Անհալթում դրա ամենավերջին և ամենանշանակալի օրինակներից է։ Բայց սա մեկուսացված երևույթ չէ։ Ավստրիայում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում Ազատության կուսակցությունն առաջին անգամ դարձավ առաջին ուժը՝ ստանալով 28.8 տոկոս, Իտալիայում Ջորջա Մելոնիի «Իտալիայի եղբայրները» 2022-ին հաղթեց խորհրդարանական ընտրություններում և պահպանեց առաջատար դիրքը նաև 2024-ի եվրոպական ընտրություններում, իսկ Բելգիայում Vlaams Belang-ը շարունակում է մնալ երկրի խոշոր ազգային-պահպանողական ուժերից մեկը։
Այս արդյունքները տարբեր երկրների ներքին առանձնահատկությունների արտահայտությունն են, բայց դրանց մեջ կա ընդհանուր քաղաքական միտում։ Տարիներ շարունակ եվրոպական քաղաքականության մեջ գերիշխող լիբերալ-կոսմոպոլիտ օրակարգը կորցնում է իր նախկին մենաշնորհը։ Անվտանգության, ներգաղթի, ազգային ինքնության, սոցիալական կայունության և պետության նկատմամբ վերահսկողության հարցերը կրկին դառնում են քաղաքական ընտրության առանցքային թեմաներ։ Այն ուժերը, որոնք այս հարցերը բարձրաձայնում են ավելի կոշտ ձևով, այլևս քաղաքական համակարգի լուսանցքում չեն։
Սա չի նշանակում, որ Եվրոպան միանգամից «ծայրահեղ աջ» է դարձել։ Ավելի ճիշտ է ասել, որ փոխվում է քաղաքական պահանջարկը։ Երբ կենտրոնամետ քաղաքական ուժերը երկար ժամանակ չեն կարողանում պատասխանել հասարակության կուտակված խնդիրներին, պահանջարկը տեղափոխվում է դեպի այն ուժերը, որոնք առաջարկում են ավելի հստակ ազգային առաջնահերթություններ, ավելի կոշտ անվտանգային քաղաքականություն և պետական ինքնուրույնության վերականգնում։
Քաղաքական ցիկլերը որոշակի օրինաչափություն ունեն։ Երբ հասարակությունը զգում է, որ գործող համակարգը կորցրել է իր արդյունավետությունը, սկսվում է հակառակ ուղղությամբ շարժում։ Այն կարող է լինել պահպանողական, ազգային կամ նույնիսկ արմատական՝ կախված նրանից, թե որքան խորն է ճգնաժամը և որքան է քաղաքական կենտրոնը կորցրել վստահությունը։
Գերմանիայի պարագայում պատմական զուգահեռներն առանձնահատուկ զգուշություն են պահանջում։ AfD-ի ներկայիս հաջողությունը, իհարկե, չի կարելի նույնացնել նացիստական կուսակցության վերելքի հետ։ Բայց Վայմարյան Հանրապետության պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես քաղաքական կենտրոնի թուլացումը, տնտեսական ու սոցիալական ճգնաժամերը և հասարակական բևեռացումը կարող են արագ ընդլայնել քաղաքական դաշտի ծայրերը։ Արտաքին ուժերն էլ կարող են փորձել օգտագործել նման ճգնաժամերը։ 1917 թվականին Գերմանիայի կողմից Լենինի վերադարձին և բոլշևիկյան շարժմանն աջակցելը հենց այդ տրամաբանության օրինակներից էր․ Բեռլինը չստեղծեց Ռուսաստանի ներքին ճգնաժամը, բայց փորձեց օգտագործել այն իր ռազմավարական նպատակների համար։
Այսօր Եվրոպայում տեղի ունեցողը, հետևաբար, ավելի լայն գործընթացի մաս է։ Հասարակությունները վերանայում են այն քաղաքական համաձայնությունները, որոնք երկար ժամանակ ներկայացվում էին որպես միակ հնարավոր ճանապարհ։ Ազգային շահը, ինքնությունը, անվտանգությունը և պետական ինքնուրույնությունը կրկին դառնում են քաղաքականության լիարժեք կատեգորիաներ։
Հայաստանում լրիվ այլ պատկեր է։ Այն պահին, երբ եվրոպական հասարակությունների մի մասը վերադառնում է ազգային շահի, ինքնության և պետական ինքնուրույնության օրակարգին, Հայաստանի իշխանությունը փորձում է այդ օրակարգը նեղացնել՝ ազգային շահը կապելով բացառապես ներկա պետության սահմանների և դրանց ներսում խաղաղ գոյության հետ։
Ըստ էության՝ Փաշինյանի երկնած «Իրական Հայաստանը» (որը պլագիատ է արել Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ»-ից) ոչ թե ազգային շահի նոր ձևակերպում է, այլ ազգային շահի շրջանակը սահմանափակելու քաղաքական նախագիծ։ Դրա տրամաբանությունն այն է, որ Հայաստանի քաղաքական նպատակները պետք է ամբողջությամբ տեղավորվեն ներկայիս սահմանների, դրանց ճանաչման և այդ սահմաններում խաղաղության ապահովման շրջանակում։
Այստեղ արդեն խնդիրը ոչ միայն արտաքին քաղաքականության առանձին որոշումների մեջ է, այլ երբ իշխանությունը փորձում է սահմանել, թե որն է ազգային շահի ընդունելի շրջանակը, դա անդրադառնում է նաև պետության ապագայի մասին հասարակական պատկերացումների վրա։
Հետաքրքիր պարադոքս է ստացվում. Գերմանիայում հասարակությունն է ստիպում քաղաքական համակարգին նորից հաշվի նստել ազգային գործոնի հետ, իսկ Հայաստանում՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությանը համոզի, որ ազգային շահի սահմաններն արդեն իսկ որոշված են»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան