Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ասում են՝ Եվրոմիությունը ճիշտ է, դուք՝ սխալ»․ Հակոբ Բադալյան

«Ասում են՝ Եվրոմիությունը ճիշտ է, դուք՝ սխալ»․ Հակոբ Բադալյան
218
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2024 թ., 17:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ԱԳՆ-ն բավականին երկար տեքստով մի պարզաբանում է տարածել ՀՀ քաղաքացիների համար, թե ինչու նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Շենգենյան համաձայնագրի մի երկիր, եթե վիզան ստացել են մեկ այլ երկրում:
Եթե «համառոտագրենք», ապա ասում են, որ՝ Եվրոմիությունը ճիշտ է, դուք՝ սխալ:
Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները չեն անում որևէ խախտում: Այսինքն որևէ կերպ արգելված չէ ստանալ իքս երկրի վիզա՝ դիմելով տվյալ դեսպանատուն, բայց մեկ կամ երկու օր այնտեղ մնալուց հետո մեկնել շենգենյան գոտու մեկ ուրիշ երկիր:
Եթե Շենգենյան համաձայնագրի երկրները այդ համաձայնագրի կիրառումը իրականացնում են վերապահումներով, ապա հենց սկզբից թող հայտարարեն, որ՝ ՀՀ քաղաքացիներ, ձեզ համար Շենգեն համաձայնագրի էֆեկտը չի գործում, և դուք պետք է ԵՄ ամեն մի առանձին վերցրած երկիր այցելելուց ունենաք հենց տվյալ երկրի մուտքի վիզա:
Թող հայտարարեն այդպես, այլ ոչ թե կամայական՝ ՀՀ մի քաղաքացի ազատ շրջի, մյուսին էլ հանկարծ թույլ չտան մի երկրի դեսպանատանը ստացած վիզայով մուտք գործել ԵՄ մեկ այլ երկիր:
Իսկ ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները հաճախ դիմում վիզա ստանալու այդ տարբերակին: Որովհետև ՀՀ քաղաքացիներին Շենգենյան վիզա տրամադրելու հարցում իրավիճակը արձանագրել է հետընթաց, և դա ոչ թե իմ կարծիքն է, այլ ՀՀ փոխարտգործնախարարի գնահատականը, որը նա բարձրաձայնել է նախորդ տարի խորհրդարանում:
Այդ հետընթացի պայմաններում, ՀՀ քաղաքացին, բնականաբար, փորձում է գտնել իր համար առաջընթացի տարբերակներ, ընդ որում նկատենք՝ ամենևին չանելով որևէ անօրինական, ոչ իրավաչափ գործողություն:
Իսկ ՀՀ ԱԳՆ-ն այդ հարցում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն, նրանց «բացատրում» է, որ՝ ԵՄ երկրները ճիշտ են, իսկ իրենք՝ սխալ:
Եվ սա մի դեպքում, երբ շաբաթներ առաջ մի շռնդալից դիվանագիտական հաղթանակ ու ձեռքբերում էր ներկայացվում, որ ԵՄ անդամ երկրների դեսպանների մակարդակով հավանություն է տրվել Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմի շուրջ բանակցություն սկսելու ԵՄ առաջարկին:
Ինչպես նշել էի այն ժամանակ, հիմա էլ կրկնեմ՝ իրական, գործնական առաջընթացի մտադրության պարագայում, փոփոխությունը կլիներ այսպես ասած գետնի վրա՝ վիզաների տրամադրման ներկայիս գործընթացը բնականոն կազմակերպելու հարցում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան