«Ադրբեջանական զինշքերթ, հայկական` կեցցե՛ հեծանվաերթ»․ Դավիթ Կարապետյան
331
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 12:30
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական զինշքերթ, հայկական կեցցե՛ հեծանվաերթ… Օրեր առաջ Բաքվում կայացավ «ADEX 2024» հինգերորդ հոբելյանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսը: Մի շարք երկրների ռազմական ներկայացուցիչներ ու Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներ ներկա գտնվեցին միջոցառմանը: Թուրքիայի ամբողջ ռազմական ղեկավարությունը՝ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի գլխավորությամբ, ևս ժամանել էին Ադրբեջան: Ցուցահանդեսին Բաքուն ներկայացրել էր իր արագ տեխնոլոգիական զարգացումը և աճող պաշտպանական ներուժը: Մասնավորապես՝ ադրբեջանական արտադրության «Զանգեզուր» և «DT-101 VTOL» անվանումներով անօդաչու թռչող սարքերը, «Թուրան-1» ինքնաձիգը, ինչպես նաև գնդացիրի 3 նոր տեսակ։ Ներկայացվել է նաև Իսպանիայի և Ադրբեջանի համատեղ ստեղծած միափող, 30 մմ տրամաչափ ունեցող հրանոթը, որը թիրախը կարող է խոցել 8֊13 կմ տարածության վրա։ Մի քանի օր առաջ Ադրբեջանը Թուրքիայից գնել է «ASELFLIR-500 EO» էլեկտրաօպտիկական հետախուզության, դիտարկման և նշանառության համակարգեր և փոքր տրամագծի «TOLUN» ռումբեր: Այս համակարգերն օգտագործվում են հիմնականում «Bayraktar AKINCI» անօդաչու թռչող սարքերում: Այս պահին բանակցություններ են ընթանում Թուրքիայի «ԱՍԵԼՍԱՆ» ընկերության կողմից արտադրված «ՀԵՐԻՔՍ» ԱԹՍ նախազգուշացման համակարգերի համատեղ ստեղծման շուրջ։ Այս մասին պաշտոնապես հաղորդվել է ցուցահանդեսի ընթացքում։ Հաղորդվում է նաև այն, որ այս համակարգերն այս պահին տեղակայված են Քարվաճառի շրջանում՝ 3300 մետր բարձրության վրա և արդեն իսկ շահագործվում են։ Այս համակարգերն ունակ են արագ փոխանցել ռադիոլոկացիոն տվյալները հրամանատարական կետ, հայտնաբերել թիրախները, հետևել զորքերի շարժին, ինտեգրվել տարբեր տեսակի ռադիոլոկացիոն համակարգերի հետ և աշխատել ակտիվ ռեժիմով։ Կա հստակ ինֆորմացիա, որ սեպտեմբերի 24-25-ին, Ադրբեջանի զինամթերք տեղափոխող «Silk Way Airlines» ընկերության ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Անկարա և հետ: Առաջին խմբաքանակի զինտեխնիկան արդեն իսկ Ադրբեջանում է: Հիմնական մատակարարումները պետք է սկսվեն 2025թ-ից: Այս օրերին Ադրբեջանի և Իսրայելի միջև նաև ռազմական արդյունաբերության ոլորտում ռազմավարական փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի շրջանակներում, բացի սպառազինության առևտրային գործարքից, նախատեսվում է համատեղ ռազմատեխիկայի արտադրության մեկնարկը: Բաքվի և Հռոմի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման արդյունքում Ադրբեջանն Իտալիայից «C-27J» տեսակի ռազմատրանսպորտային օդանավեր է ձեռք բերել: Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համալրվել են նաև պակիստանյան արտադրության «PAC JF-17 Thunder Block 3» գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչներով, որոնք լիովին փոխում են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական ուժերի հավասարակշռությունը (ռազմական բալանսը): Այս կործանիչներով օդային գերակայությունն արդեն իսկ Ադրբեջանինն է: Պակիստանից գնված «JF17» կործանիչներն արդեն իսկ թչիչքներ են իրականացնում Ադրբեջանի երկնքում։ «JF17»-երը համալրված են լինելու նախապես հարմարեցված թուրքական արտադրության գերժամանակակից «ASELPOD» օպտիկաէլետրոնային հայտնաբերման, տեղորոշման և լազերային ուղղորդման համակարգերով: Բացի սպառազինության ու ռազմատեխնիկայի սեփական արտադրությունից ու ներմուծումներից, Ադրբեջանն այս պահին ակտիվ զբաղված է Հայաստանի սահմանագծի ողջ երկայնքով ամրացված հենակետեր կառուցելով: Ըստ արբանյակային լուսանկարների, որտեղ հստակ երևում է ամրաշինական ու ինժեներական աշխատանքները, պարզ է դառնում, որ ամրացված դիրքերը / հենակետերը տեղակայված են ոչ թե առաջնագծում, այլ «երկրորդ գծում»: Շինարարական աշխատանքներն ավելի մեծ թափով իրականացվում են Ջերմուկի, Խնածախի ու Սոթքի ուղղությամբ: Թե ինչպիսի մարտավարաստրատեգիական ու պաշտպանական կարևություն, բնույթ ու ֆունկցիոնալություն ունի այս նախաձեռնությունը և թե ինչպես է փոխում բոլոր պատկերացումները ցամաքային, լեռնա-լանդշաֆտային ու դաշտավայրային պայմաններում սահմանային վերահսկողության գործառույթների տեսանկյունից՝ պարզապես կլռեմ: Ինչևէ, չենք զարմանում: Զուգահեռ իրականության մեջ, մենք խաղաղությամբ ու բարի կամքով ենք թարմացնում մեր արսենալը, հումանիզմն ու թշնամա-հարևանասիրությունն է մեր զենքը: Մեր բաստիոնի ասպետը խաղաղություն է քարոզում, իսկ ավելի ճիշտ՝ մուրում, ՄԱԿ-ի ամբիոնից Լեոպոլդի պես՝ «ребята, давайте жить дружно!» հեքիաթներ է պատմում, ծափիկներ լսում: Հետո Էրդողանին հյուր է գնում, խնդրում, որ վերջինս անձամբ միջնորդի ու համոզի, որ Ալիևը խաղաղության պայմանագիրը ստորագրի: Բայց արի ու տես, կիրթ ու կառուցողական կոլեգադ այսօր կասի՝ Սահմանադրությունդ փոխի ու դեմիլիտարիզացվի (զինաթափվի), Մինսկի խումբը լուծարի, անկլավները հանձնի, վտարանդիներիս դիմավորի, կոնտրիբյուցիա ու ռեպարացիա վճարի, Զանգեզուր բացի՝ ստորագրությունս ստացի: Դե իսկ ոչ վաղ անցյալում թունդ նժդեհական, ոչմիթիզականը, կապիտուլյացիայից հետո՝ հլու-հնազանդ կամակատարը, ՄԱԿ-ի ամբիոնից կհայտարարի, որ պատրաստ է պահանջը բավարարի՝ Սահմանադրություն փոխի: Այս տեմբերով վաղն էլ՝ «խաղաղության համար ի՞նչ զենք, ի՞նչ բանակ» լոզունգով երկրի ամբողջական զինաթափումը կապահովի: Մեզ էլ կհամոզի, թե բանակ մեզ պետք չի, պետության համար ծախս է քառակի: Համ էլ երեխան ինչու 2 տարով տուն տեղից կտրվի, գնա հեռու, ձնոտ սարերի գլխին ծառայի, միամիտ էլ՝ զոհվի: Ձեռքի հետ էլ կփիլիսոփայի, թե՝ խաղաղությունն է որ անվտանգություն կերաշխավորի: Դե արի ու այս մակերեսայինին բացատրի, որ անվտանգության մի երաշխիք կա՝ հզոր բանակ, որ եթե ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի: Իսկ մինչ այդ՝ պտտում ենք պատմության անիվը, կեցցե՛ հեծանիվը, ապրի՛ հարկ վճարողը, վայ չուզող-գանգատվողը…»: